ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 28 ноября 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


(սկիզբը՝ նախորդ համարներում)
 Ինչո՞վ է նշանավոր այս անցումը, որին մի առանձնակի հուզմունքով ու հպարտությամբ անդրադարձել է հեղինակը: Երիտթուրքական հեղափոխությունից ու Հուրիաթի հռչակումից հետո այդ նույն ճանապարհով արդեն Տարոնից դեպի Վան է  վերադառնում Ռուբենը, բայց այս անգամ ոչ թե հալածական ու կասկածյալ, այլ հերոսացած հեղափոխական գործիչ ու հռչակված ֆիդայի՝ թուրք հեղափոխականներ ու հռչակված զինվորականներ Ֆերիկ Վեհիբ եւ Մուստաֆա Քյազիմ փաշաների ուղեկցությամբ: Սորբի կապան մտնելուց առաջ Ռուբենը Վեհիբ փաշային է առաջադրում իր խնդիրը© հնարավո՞ր է, որ 100 ձիավոր զինվորների միջից ինքը՝ դեպի Տարոն շտապող հեղափոխական գործիչն ու ֆիդային, կարողանա դուրս պրծնել բոլոր կողմից հսկվող կիրճից եւ հասնի Դատվան` իր նպատակակետին: Չափելով կիճի խորությունն ու անանցանելիությունը եւ առաջադրված խնդրի պարզությունը՝ թուրք փորձառու զինվորականները միակարծիք հայտնում են, որ անհնար է նման ծուղակից դուրս պրծնել:
 Երբ Ռուբենը Սորբում զինվորների եւ պահպանված արձանագրությունների միջոցով համոզում է Վեհիբին եւ Մուստաֆային, զարմանքը պատում է նրանց: Այդ հանելուկը Վեհիբը փորձում է պարզել ավելի ուշ, երբ տարագրության մեջ հյուր է գնում Ռուբենին: Տարագիր ու պաշտոնաթող երկու նախկին հակառակորդները զրուցում են անցյալից ու իրենց կյանքից: Եվ Ֆերիկ Վեհիբի խնդրանքով Ռուբենը բացում է գաղտնիքը՝ հիացմունք առաջացնելով թուրքի մոտ՝ հայի հանդեպ.
 ՙԻմ հետինները պարզ գյուղացիներ էին, միայն երկուքը զինված էին անկանոն զենքով: Երբ կապանի մեջ հասանք, միայն քանի մը փամփուշտ վառեցինք: Ձեզմե մարդ զարնվեցավ, թե չէ, մենք լուր չունեինք: Ձերոնք կը կրակեին: Ես հետիններուս կարգադրեցի ետ փախչիլ եւ քանի մը կրակ ալ բանալ© ինքս կախվեցա ծովը իջնող քարաժայռեն եւ քարի պես անշարժ մնացի, հետս նաեւ գյուղացի մը: Ձերոնք տեսան, որ առաջը բաց է, մեր կողքեն անցան եւ հետապնդեցին փախչող գյուղացիները: Երբ ձիերը քշելով զորքերը բոլորը անցան, ես ծովի ափով, մարմինս կեսը ջուրի մեջ, կեսը ժայռերուն վրայով Դատվանի ուղղությամբ առաջացա եւ կապանեն ելա անփորձանք եւ ինքզինքս ձգեցի Նեմրութ լեռը:
 Վեհիպ զիս համբուրեց եւ խոսքեր շռայլեց, բայց ըսավ. 
-Ափսոս, ափսոս, որ թշնամի ենք եւ կը վախնամ, որ առանց բարեկամանալու ալ երթանք...՚
 Հավելենք, որ Ռուբենին Սորբի կապանում հրաշքով հաջողվել է ողջ պրծնել Ալի փաշայի կամ Կռտան Ալա Բեկի ճանկերից, հայության գլխավոր դահիճներից մեկից, ում հորինած տանջանքներն իրենց դաժանությամբ անգամ թուրքերին ու քրդերին են զարմանք պատճառել:
 Դուրս պրծնելով հարամիների ու չարիքների հետապնդող ճանկերից՝ զենքի ու գաղափարի մարտիկը հայտնվում է Տարոնի ֆիդայիների աշխարհում, որը լի էր ակնածանքով, առեղծվածներով, պողպատյա կամքի տեր ու ամենայն զրկանքների դիմացող մարդկանցով: Եվ նրանց ընդհանուր բնութագիրը տալու համար հարկավոր էր միայն քայլել նրանց կողքին, ապրել նրանց մեջ, շունչ ու ոգի առնել նրանցից, ներշնչվել նրանց ոգեղեն կերպարներով.
 ՙ...Հասարակ ժողովրդեն տարբեր մարդիկ հավաքված են՝ ֆետայական լուծը տանելու համար: Անոնց մեջ ոչ ուռած փոր չաղ ծերուկ կա, եւ ոչ ալ դեղնած ալուջ. բոլորն ալ ջղուտ, բարակ մեջքով եւ հասակավոր ու լայն թիկունքով մարդիկ են: Հասակները բարձր են միջակեն, ոմանք չինարի նման երկարած: Այդ հսկաներուն ամենեն քոսոտն ու քնձռոտը Գոմսա Մելիքն ու բոլորին գլխավոր Գեւորգ Չաուշը, մեկ մըն ալ ես էի արհամարհելին, իսկ մյուսներու տեսքին նայելով՝ հայիլ կը մնար մարդ: Սիրտդ կը բացվի զանոնք դիտելով- գլուխները բարձր, մեջքերը ուղիղ եւ բարձրաձիգ՚:
 Ի՞նչ ունի ֆիդային բովանդակ աշխարհում ու իր անըմբռնելի կյանքում: Տուն ու տեղ, ազգ ու բարեկամ, կալվածք ու նյութական հարստություն, բարեկեցություն ու ընտանիք հասկացությունները միանգամայն ավելորդ են այս մարդկանց համար: Նրանց շալակների բեռների պարունակությունները միատեսակ ու միօրինակ են, թեկուզ ծանր, բայց կյանքի բեռան պես տանելի: ՙՆայինք ֆետայիին պայուսակին մեջ. հոն կան անհրաժեշտ շատ բաներ. – մեկ կամ երկու հրացանի շորի կտորներ. շապիկ մը, վարտիք մը, զույգ մը գուլպա, ձեռք մը տրեխ: Փոքրիկ տոպրակի մեջ լեցված փանտի մը չափ ատռուն /բոհրած կորեկի ալյուր/, քիչ մը աղ, մեկ-երկու կտոր չորթան, քարի նման կարծր, անոր նեղ ավուր պաշարը: Աշխարհի մեջ ֆետայիին ամբողջ ունեցածն այդ է` հարստությունն ու կարողությունը թե ներկայի, եւ թե ապագայի սեւ օրերու համար՚:
 Ապագայի սեւ օրերի համար... Դիպուկ է նկատել Ռուբենը: Հասարակական-քաղաքական մշուշոտ կյանքում, երբ անխորտակ էին թվում Հայաստանը բռնազավթած եւ հայ ժողովրդի ազատությունը խլած կայսրությունները, անձնուրաց ֆիդայիները, ովքեր կյանքը դրել էին ավելի երջանիկ ապագայի համար, սեւ էին համարում իրենց ապագայի բոլոր օրերը, քանի որ շարունակ հետապնդման մեջ էին, ձերբակալման կամ գնդակահարման վտանգի տակ: Նրանք հարկադրված էին ապրել տարօրինակ, բայց յուրօրինակ կյանքով, մղել անվերջանալի կռիվներ, գործադրել աներեւակայելի ճիգեր ու հնարքներ, եւ այդ եռանդին վերջ չկա: Վերջին շնչում անգամ նրանք  ձգտում են ծառայել հայրենի հավատին, հայտարարված պայքարին, ազատության գաղափարին: Քուն ու դադարը, հանգիստն ու ապահովությունը նրանց համար չեն: Ֆիդայության ճամբար մտած պողպատյա հոգու տեր մարդիկ մշակել են իրենց անկանխատեսելի, անկանոն կյանքի կանոնադրությունը, որն իսկապես անըմբռնելի ու անհասկանալի պիտի մնար թշնամիներին, պետություններ ու ազգեր սասանող մի ողջ տերության: Թերեւս այդ էր գլխավոր պատճառը, որ տասնամյակներ շարունակ օսմանյան բանակներն ու քուրդ զինյալները չկարողացան մաքրել հաշիվները մի քանի հարյուր հայ մարտիկների եւ ֆիդայական շարժման ղեկավարների հետ. ՙՏարոնի աշխարհին մեջ ֆետայիները շարունակական շարժման մեջ են եղած սկիզբեն մինչեւ Օսմանեան սահմանադրություն: Անոնք իրավունք չունեին մեկ վայրի մեջ յոթ օրեն ավելի մնալու: Ասոր պայմանները երկուք էին: Առաջին` որ կառավարությունը միշտ շփոթի մեջ մնա եւ չկարողանա իր ուշադրությունը կեդրոնացնել մեկ վայրի վրա: Այսպեսով ֆետայիները, ամենուրեք լինելով, հնարավորություն չէին տար կառավարության` թակարդի մեջ ձգելու զիրենք, ինչպես նաեւ հաճախակի պատահած մատնությունները... Երկրորդ պատճառը տնտեսական էր: Քանի որ ֆետայիները պաշար չէին պտտեցներ իրենց հետ, ուստի պիտի բավականանային մեկ գյուղեն մեկ փոր հաց ուտելով: Ասոր համար ալ ֆետային ստիպված է անվերջ ճանապարհ կտրել մեկ գյուղեն մյուսը, մեկ լեռեն մյուս լեռը, մեկ դաշտեն մյուս դաշտը, եւ այսպես շարունակ: Երբ արեւը մարը մտնե, ֆետայիները ոտքի կելլեն, ըլլա պարզ գիշեր, թե բուք-բորան, անձրեւ կամ ձյուն ու ցուրտ եղանակ: Ան պիտի շարժվի եւ իր տեղը փոխե եւ գայլի նման կը գերադասե մութ գիշերը: Այդ ժամանակ ավելի հանդուգն է եւ ավելի վտանգավոր է թշնամիին համար: ֆետայիները կը սիրեն ձյունոտ ու արեւոտ գիշերները ճամբու կտրել՚: 
 Ֆիդայիները ոչ մի անգամ հանգիստ չեն առնում առանց պահապանների: Եթե նույնիսկ երկու հոգով են, ապա փոխեփոխ պիտի հանգստանան. պարտադիր մեկը պետք է հսկի մյուսի քունը: Վայն է եկել այն պահապանի, ով կթուլանա ու չի կարողանա հաղթահարել քնի ծանրությունը: Պահապաններին, պարզվում է, զգուշության համար լրացուցիչ ստուգում է խմբապետը: Քնած պահապանին սպասվում է ծանր պատիժ. ծեծ, վտարում մարտական խմբից, զինաթափում որոշ ժամանակով, ծաղրի առարկա դարձնելու տեւական փորձեր. ՙՓշուր մը աղ լեցուր կտրած մատիդ, քունդ փախցրու, ընկերացդ արունքի տակ հորի՞ կը մտնաս, - կըսեն քիչ մը բարկացած, քիչ մըն ալ հոգացող ընկերները եւ կը խնդրեն խմբապետեն, որ այս անգամին բախշիշ ընե այդ հանցանքը: Ֆետայիին այս արտակարգ զգուշավորությունը խիստ վտանգավոր է թշնամիին համար... Գիշերվան տեր ու տիրականն են անոնք: Ինչպես ոչխարի հոտերը կը սարսափեն գայլերեն եւ կամ ասլանի ձայնեն ծակամուտ կըլլան կենդանիները, այնպես ալ գիշեր ատեն ֆետայիներեն կը սարսափի թշնամին...՚
 Ռուբենի մոտ բազմաթիվ են կենդանի օրինակները, երբ ֆիդայիները գիշերով հանդուգն երթեր են ձեռնարկել թուրքական ու քրդական բնակավայրերի միջով, զորքերի ու ոստիկանների կողքով` ահուսարսափի մեջ պահելով հայ ժողովրդի անհագ դահիճներին: Այդ ահուերկյուղն էր այն հիմնական զսպաշապիկը, որ թուրքերն ու քրդերը շատ դեպքերում վախենում էին հայկական գյուղերն ասպատակելուց: Եվ ինչքան էլ Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում եւ որոշ ֆիդայիների մոտ արմատանում էր համաժողովրդական ապստամբության նախապատրաստման ձգտումը եւ ֆիդայական մանր-մունր մարտական խմբերը Տարոնից հեռացնելու միտքը, այդուհանդերձ, ֆիդայությունն արդեն դարձել էր կենսակերպ, հայկական ինքնապաշտպանության զորեղ միջոց, մարտական ուժ, հայոց իշխանություն, հավատի կուռ ամրոց, վրեժխնդիր բազուկ, ազգային ինքնագիտակցությունն արթնացնող կառույց:

Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More