ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 28 ноября 2011 г.

ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրով պարգեւատրվեց Հայրավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Համբարձումյանը: 
 Սարգիս Համբարձումյանն  իր կյանքի 45 տարիները նվիրել է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը` ներդնելով մանկավարժի եւ ղեկավարի իր ողջ հմտությունն ու գիտելիքները: 
 Սարգիս Համբարձումյանը ծնվել է 1947 թվականին, Հայրավանք գյուղում, ուսուցչի ընտանիքում:
 Սարգիսի հայր Անդրանիկ Համբարձումյանը եղել է մանկավարժ, երկար տարիներ աշխատել է հայոց լեզվի ուսուցիչ Հայրավանքի դպրոցում, ղեկավարել նույն հաստատությունը, ուր աշխատել եւ առ այսօր աշխատում է որդին` Սարգիս Համբարձումյանը: Հորից որդուն է անցել մատաղ սերնդին դաստիարակելու գործի հանդեպ սերն ու նվիրումը: 
 Հայրավանքի միջնակարգ դպրոցում ութնամյա կրթություն ստանալուց հետո Ս. Համբարձումյանը միջնակարգ կրթություն է ստացել Ծովազարդի միջնակարգ դպրոցում: 1963-1967 թթ սովորել եւ ավարտել է Երեւանի հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը` ստանալով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դասատուի որակավորում: Նա իր  հասակակիցներից ավելի շուտ է գնացել դպրոց եւ 20 տարեկանում էլ ավարտել է ինստիտուտը: 
 Սովորելու տարիներին զուգահեռ` Սարգիսը եղել է Հայաստանի լողի հավաքական թիմի անդամ: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքի է նշանակվել Ծովազարդի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ աշխատել մինչեւ 1977 թվականը: 1977 թվականից առ այսօր աշխատում է Հայրավանքի միջնակարգ դպրոցում: Շուրջ տաս տարի աշխատել է որպես զինղեկ եւ 1989 թ. ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրի կողմից արժանացել ՙԱվագ զինղեկի՚ կոչման: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաեւ հասարակական ու քաղաքական գործունեությամբ: Ս. Համբարձումյանը ընտվել է գյուղական սովետի, շրջանային սովետի դեպուտատ, ինչպես նաեւ` Հայրավանք համայնքի ավագանու անդամ: 
 1993-1998 թվականներին աշխատել է Հայրավանքի դպրոցում որպես դաստիարակության գծով փոխտնօրեն: 2000 թվականից մինչեւ 2011 թվականն աշխատել է Հայրավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն: 
 Մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար 2005 թվականին նա  արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին: Ռազմահայրենասիրական դաստիարակության, նախազորակոչային պատրաստության գործում ունեցած ներդրման համար  նախորդ տարի արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրին: 
Իսկ վաստակաշատ մանկավարժի ամենավերջին խրախուսանքը ՀՀ նախագահի շնորհակալագիրն է:
 Այսօր արդեն Սարգիս Համբարձումյանը չի ստանձնում դպրոցի ղեկավարի պաշտոնը. հունվարին լրանալու է նրա վաթսունհինգ ամյակը: Ս. Համբարձումյանը հոգու ամուր կապերով կապված է դպրոցին ու մատաղ սերնդին, եւ, չկտրելով անտեսանելի ու անքակտելի կապը դպրոցի հետ, այսօր ստանձնել է դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պատասխանատու պաշտոնը: 
 Ս. Համբարձումյանն արձանագրում է, որ իր տնօրինության տարիներին դպրոցի շրջանավարտների առավել քան 60-65 տոկոսը իրենց կրթությունը շարունակել են հանրապետության լավագույն բուհերում:  Տնօրենի կարեւոր ձեռքբերումներից  մեկն էլ այն է, որ նրա աշակերտներից երկու տասնյակը հետեւել են նրա մասնագիտությանը` կրթությունը շարունակելով ֆիզկուլտուրայի ինստիտուտում:
  -Իմ ղեկավարման տարիներից Հայրավանքի դպրոցում բացառվել է դպրոցի աշակերտների կրկնուսուցումը: Դպրոցի ղեկավարության ու որակյալ մանկավարժների ինքնանվեր ջանքերով արվել է հնարավոր ամեն ինչ, որ դասաժամերին աշակերտներն ստանան լիարժեք կրթություն եւ չդիմեն կրկնուսույցներին,- կարեւորում է Սարգիս Համբարձումյանը:
  Հայրավանքի միջնակարգ դպրոցը Գավառի տարածաշրջանի միակ դպրոցն է, որն աշխատում է վեցօրյա գրաֆիկով:
 -Իմ երկարամյա մանկավարժի փորձով ապացուցվել է, որ դասաժամերի ծանրությամբ չպետք է խեղդել երեխային, չպետք է նրանից խլել մանկությունը: Վեցօրյա գրաֆիկը համեմատաբար թեթեւ է: Այն հնարավորություն է տալիս աշակերտներին եւ զբաղվել դասերով, եւ լրացուցիչ զբաղմունքներով ու նախասիրություններով՚,- եզրահանգում է Սարգիս Համբարձումյանը:
 Հայրավանքի միջնակարգ դպրոցում այսօր կա 12 դասարան, ուր սովորում է 135 աշակերտ: Հայրավանքի դպրոցի առաջին դասարան է հաճախում 14 երեխա, իսկ ավարտական դասարանում` 16 աշակերտ: Դպրոցի 6-րդ եւ 7-րդ դասարանները երկկազմ են:
 Հայրավանքի միջնակարգ դպրոցի շենքը վերջին 3 տարում վերանորոգվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով: Վերջին տարիներին կառուցվել է նոր մասնաշենք: Հին մասնաշենքում իրականացվել է 5 դասասենյակների վերանորոգում, ամբողջությամբ փոխվել է շենքի տանիքը: Փոխվել են հին մասնաշենքի դռներն ու պատուհանները: Առաջիկայում էլ նախատեսվում է կառուցել դպրոցի կաթսայատունը: Այս կարեւորագույն ձեռնարկների մեջ դպրոցի արդեն նախկին տնօրենը կարեւորում է մարզպետ Նվեր Պողոսյանի դերը եւ, օգտվելով առիթից, հայտնում իր եւ հայրավանքցիների երախտագիտությունը:    
Ս. Համբարձումյանը, իր հայրենի եզերքի պատվական քաղաքացին, 4 զավակների հայրը, ում մազերին արծաթն է արդեն հպարտորեն ձուլվել, երջանիկ է իր աշխատանքով ու դպրոցով եւ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է համարում իր 10 թոռնիկներին ու բազմաթիվ աշակերտներին, որոնց կրթել ու կյանք է ճանապարհել:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More