ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 28 ноября 2011 г.

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՏՆԿԱԾ, ՆՐԱ ԾՆՈՂԻ ԽՆԱՄԱԾ ԾԱՌԸ


  Այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում իրականացվել են սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության մի շարք ծրագրեր: Ինչպես տեղեկացրեց Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը` ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կողմից 25 միլիոն դրամի ներդրմամբ հիմնանորոգվեց  մղման կայանից մինչեւ օրվա կարգավորիչ ջրամբար տանող 1800 մետր երկարության ջրատարը, որի շնորհիվ զգալի  չափով կրճատվեցին խմելու ջրի կորուստները: Սակայն ջրատարի ներքին ցանցը հետագա հիմնանորոգման կարիք ունի: 
 Համայնքի մյուս մտահոգող խնդիրը մշակույթի տան անմխիթար վիճակն էր: Այդ շենքում են գործում գրադարանը, երաժշտական դպրոցը, դահլիճը, ինտերնետ ակումբը, ատամնաբուժարանը, խաղասենյակը եւ մարզադահլիճը: Շենքի վերակառուցման համար համայնքապետարանի սեփական միջոցներից ներդրվել է 15 միլիոն դրամ, իսկ ՀՀ պետբյուջեի միջոցներից` 30 միլիոն դրամ: Գանձակի մշակույթի տունն այսօրվա դրությամբ նորոգվել է մասնակիորեն: Փոխվել է տանիքը, դռները, պատուհանները, սակայն աստիճանների, աստիճանավանդակի, շքամուտքի դռների, ճեմասրահի եւ միջանցքների հատակի վերանորոգման աշխատանքների իրականացման համար դեռեւս անհրաժեշտ է 20 միլիոն դրամ, որը լրացուցիչ կհատկացվի պետբյուջեի միջոցներից: Մշակույթի տանը գործող ծերերի սենյակի ջեռուցման հարցը ամբողջովին լուծված է, եւ այն գործելու է մշտապես:
 2011 թվականի ամռանը շահագործման հանձնվեց մանկապարտեզի շենքը, եւ այնտեղ այժմ հաճախում է մոտ 100 երեխա: Մանկապարտեզը համալրվեց համապատասխան մասնագետներով: Ծրագրի իրականացման համար ներդրվեց շուրջ 2 միլիոն դրամ, իսկ ՙՎորդ Վիժն՚ ՀԿ-ի ու ՙկրթական ծրագրերի ԾԻԳ՚-ի միջոցներով մանկապարտեզը համալրվեց համապատասխան գույքով: Տեղական միջոցներով ջեռուցվեց մանկապարտեզի մեկ հատվածը:
 Առաջընթաց է գրանցվել նաեւ գյուղատնտեսության բնագավառում: Անվճար կերպով համայնքում կատարվել է անասունների արհեստական բեղմնավորում, որի համար ՙՎորդ Վիժն՚ ՀԿ-ն ներդրել է մեկ միլիոնից ավել գումար, իսկ համայնքը` 600 հազար դրամ: Համայնքի կարիքների համար  ձեռք է բերվել 4 միլիոն դրամ արժողության նոր տեխնիկա, որը գյուղացիներին ծառայություններ կմատուցի 2012 թվականի գարնանից: Տեղական բյուջեի միջոցների հաշվին գարնանային վարարումները կանխելու նպատակով  գաբիոնապատվել են գյուղի միջով հոսող Գավառագետի վտակի 70-80 եւ բետոնապատվել 150 մետր երկարությամբ   հատվածներ: Տեղադրվել է 300 գաբիոն: Կատարվել են նաեւ գետի հունի մաքրման աշխատանքներ: Այս ուղղությամբ ներդրվել է 1.5 միլիոն դրամ: Բետոնապատման աշխատանքներ իրականացնելու համար իրենց ներդրումն են ունեցել ՙԳեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատը՚, ՙՀայկական Կարիտաս՚ եւ ՙՎորդ Վիժն՚ հասարակական կազմակերպությունները:
 Հինգ միլիոն դրամի հատկացում է կատարվել նաեւ  Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի վերանորոգման համար: Սակայն վերահաս ձմռան պատճառով  2011 թվականին նախատեսված աշխատանքներից կատարվեց միայն 10 տոկոսը: Ձյունը խանգարեց նաեւ մարզադաշտի կառուցման աշխատանքների վերջնական ավարտին: 2011 թվականին ցանկապատվեց մարզադաշտը եւ կրկին համայնքի բարեկամ ՙՎորդ Վիժնի՚ աջակցությամբ համալրվեց մարզագույքով: Համայնքի բնակիչները եւս այս գործում ներդրել են իրենց ուժն ու աշխատուժը: Մարզադաշտում կազմակերպվել է ծառատունկ եւ դրանով մի բարի ավանդույթի հիմք է դրվել. համայնքի զինակոչիկներից յուրաքանչյուրը բանակ գնալուց առաջ տնկում է իր ծառը, իսկ բնակիչներն ու հարզատները հետեւում են այդ ծառերի խնամքին ու աճին` մինչեւ իրենց զավակների վերադարձը: 
 Համայնքապետարանը ականջալուր է նաեւ գյուղի երկու դպոցների խնդիրներին եւ հնարավորինս աջակցում է ամենատարբեր հարցերում: Այս տարի տեղական բյուջեի միջոցներով  թիվ 1 միջնակարգ դպրոցի առաջին հարկն է ջեռուցվել` 4 դասասենյակներով եւ թիվ 1 միջնակագ դպրոցում ամբողջովին վերանորոգվել է մեկ դասասենյակ:
 2012 թվականի անելիքների մեջ Վանիկ Հարությունյանն հատկապես առանձնացրեց Գանձակ համայնքի հատակագծի կազմումն ու գյուղի կամրջի շինարարության կազմակերպումը: Եկող տարվանից, ըստ համայնքապետի հայտարարության, հնարավորության սահմաններում գյուղապետարանի բյուջեից մեկ միլիոն դրամ կհատկացվի այն ընտանիքին, որը բնակարան կառուցելու նախաձեռնություն կցուցաբերի:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More