ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 9 декабря 2011 г.

ՎԱՐԴԵՆԻՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՒՄ Է


Վարդենիս քաղաքում 2011 թվականի ընթացքում իրականացվել են սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության մի շարք ծրագրեր եւ կատարվել շոշափելի կառուցապատման աշխատանքներ:
Ինչպես <<Գեղամա աշխարհի>> թղթակցին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, նոյեմբեր ամսին ավարտին հասցվեցին քաղաքի թիվ 2 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները, եւ այն կրկին սկսեց գործել: Շինարարական ու հարդարման աշխատանքների համար ներդրվել է 3,5 միլիոն դրամ, տանիքի վերանորոգման նպատակով' 1,5 միլիոն դրամ, ջեռուցման համակարգ ստեղծելու համար' 4,5 միլիոն դրամ եւ գույքի ձեռքբերման նպատակով'2 միլիոն դրամ: Աշխատանքներն իրականացվել են «Դուստր-5» եւ «Էյ-Ջի սերվիս» կազմակերպությունների կողմից: Աշխատանքներում հիմնականում ներգրավվել են համայնքի բնակիչներ, ծնողներ: Ծրագիրն իրականացվել է 3 ամսվա ընթացքում: Մանկապարտեզը դարձել է շուրջտարյա գործող եւ համալրվել 80 փոքրիկներով:
Սեզոնային աշխատելու փոխարեն շուրջտարյա է դարձել նաեւ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը, որտեղ հաճախում է շուրջ 120 երեխա: «Էյ-Ջի սերվիս» կազմակերպությունը ներդրել է մոտ 30 միլիոն դրամ, որով ամբողջովին վերանորոգվել է մանկապարտեզի մեկ մասնաշենքը եւ լուծվել ջեռուցման խնդիրը:
Իսկ նախակրթական հաստատությունների նորոգման ցանկն ամբողջացել է թիվ չորս մանկապարտեզի բացմամբ, որը տեղի է ունեցել վերջերս: Այն ֆինանսավորվել է եւ կառուցվել «Վորլդ Վիժն» կազմակերպության միջոցով: Այսօր արդեն թիվ 4 մանկապարտեզ են հաճախում 60 երեխա: Նորակառույց մանկապարտեզին կից նույն կազմակերպության միջոցներով եւ Վարդենիսի քաղաքապետարանի աջակցությամբ բացվել է համակարգչային կենտրոն: Վերջինիս կառուցման համար ներդրվել է 30 միլիոն դրամ «Վորլդ Վիժն»-ի եւ 6 միլիոն դրամ' տեղական միջոցներից:
2011-ին հիմնանորոգվել է նաեւ քաղաքի մշակույթի տունը: Հիմնանորոգման նախահաշիվը կազմում էր 422 միլիոն դրամ, որից հատկացվել է 328 միլիոն դրամը եւ հիմնանորոգվել է օջախի շուրջ 70 տոկոսը: 108 միլիոն դրամ ներդրել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, 90 միլիոն դրամ' ՀՀ կառավարությունը ե 130 միլիոն դրամ' սոցներդրումների հիմնադրամը: Շինարարական աշխատանքները շարունակական բնույթ կկրեն եւ կավարտվեն 2012 թվականին:
«Եվրոպական զարգացման բանկը» եւս ներդրում է կատարել Վարդենիս քաղաքում, ինչի շնորհիվ կառուցվել է 6.5 կիլոմետր երկարության կոյուղագիծ եւ մաքրման կայան: Կոյուղագիծը ձգվում է Գայի, Չարենցի, Լեռնագործների Երեւանյան, Խանջյան փողոցներով: Քաղաքի բնակչության մոտ կեսի կարիքներին կծառայեն այս կոյուղագծերը:
Հիմնանորոգման կարիք ունեն Բանդի թաղի կոյուղագծերը, որոնք դեռ մնում են անմխիթար վիճակում:
2011 թվականին կանաչապատման, ջրարբիացման աշխատանքներ են կատարվել քաղաքի կենտրոնական մասում: Տեղական միջոցներից ներդրվել է շուրջ 1 միլիոն դրամ: Վերնորոգվել է քաղաքի մարզադաշտը, որը գտնվում էր անմխիթար վիճակում. քանդվել, փլուզվել էին ծանր կոնստրկուցիաները, որի վերականգման եւ ընդհանուր բարեկարգման համար բյուջեից ծախսվել է 1,5 միլիոն դրամ: Նույնքան էլ ներդրվել է ճանապարհների փոսալցումների համար:
Այս տարվա ընթացքում փոխվել է Վարդենիսի քաղաքապետարանի տանիքը' 6 միլիոն դրամով եւ անցկացվել է 4 միլիոն դրամի ջեռուցման համակարգ: Քաղաքում շարունակվում է լուծվել նաեւ լուսավորության խնդիրը: Շուրջ 2000 մետրի վրա տեղադրվել է 133 լուսամփոփ:
2011 թվականի 11 ամիսների կտրվածքով' տեղական բյուջեի կատարողականը հասցվել է 105 տոկոսի: Մարվել է նախորդ տարիներին կուտակված աշխատավարձի 43 միլիոն դրամի պարտքը եւ 7 միլիոն դրամ էլ, որպես տուգանք, մուծվել է չվճարած սոցիալական վճարների համար:
«2012 թվականին նախատեսում ենք ավարտին հասցնել մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, բարեկարգել Մասրիկ-Սոդք ճանապարհը, լուսավորել Համբարձումյան, Սարգսյան եւ միջանցիկ փողոցները, ասֆալտապատել Վարդենիսի թիվ 1 դպրոց տանող Արզոյան փողոցը եւ այլն»,- եզրափակում է քաղաքապետը:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More