Մեր թերթի 2010 թվականի հոկտեմբերի 10-ի համարում տպագրված ՙԳարեգին հեքիմը՚ հոդվածից հետո դարձյալ ջրեր հոսել են, բայց ոչ այն անապատով, որտեղ ձայնն անգամ լսող ու անելիք չունի: Գեղարքունիքի մարզի Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանի մտահորիզոնում ինչ ջրեր էլ հոսեն, ինչ ձայներ էլ արձագանքեն, մեկ է, իրենից դուրս չկա այլ օրենք ու արդարություն, խելք ու միտք, մարդ ու մարդկություն: Այս ավտոմեքենայի լուսանկարը մեր ընթերցողների տեսադաշտում արդեն հայտնվում է չորրորդ անգամ: Եվ այդքանը՝ Գարեգինի ՙշնորհիվ՚, մարդու, ով արդեն երկու տարի կարողանում է լողալ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ Գեղարքունիքի մարզպետարանի արանքում եւ չոր-չոր ափ դուրս գալ: Իսկ այս պատմության ակունքը բխում է այն պահից ու ծրագրից, երբ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը որոշեց Գեղամասարի բուժամբուլատորիան վերազինել շտապօգնության ՙՈւԱԶ՚ մակնիշի մեքենայով: Դրա կարիքն իսկապես ծայրահեղ էր, քանի որ Գեղամասարի ամբուլատորիան սպասարկում է փախստականներով բնակեցված Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք համայնքների բնակչությանը: Ընդհանուր թվով 4081 բնակչություն ունեցող այդ համայնքները իրարից գտնվում են մինչեւ 30 կիլոմետր հեռավորության վրա: Պարզ է արդեն, թե ցանկացած կանչի դեպքում ինչ արգելքներ պետք է հաղթահարի Գեղամասարի ամբուլատորիայում տնօրեն ու առայժմ միակ ընտանեկան բժիշկ աշխատող Լուսինե Ռոստոմյանը: Հավելենք միայն, որ 2010 թվականին Գեղամասարի բուժամբուլատորիան հասցրել է սպասարկել 518 տնային կանչ, միայն ոչ թե Կարմիր խաչի նշանը կրող եւ ռուսատառ ՄԵԴՍՈՒԺԲԱ ազդագիրը կրող ավտոմեքենայի օգնությամբ:
Արդեն կես տարի առաջ տպագրված ՙԳարեգին հեքիմը՚ հոդվածում, վեր հանելով զավեշտական այն իրողությունը, որ գյուղապետի կողմից Գեղամասարի բուժամբուլատորիայի կարիքների համար հատկացված շտապօգնության մեքենան ծառայեցվում է բոլորովին այլ նպատակներով, խմբագրությունն առաջարկում ու ցանկանում էր գոնե ավտոմեքենայի վրայից ջնջված տեսնել Կարմիր խաչի նշանն ու բուժծառայության մասին ազդագիրը: Սակայն այդ հոդվածից ուղիղ կես տարի անց էլ Գարեգին Բեգյանն իր համառությամբ շարունակում է ապշեցնել, զարմացնել, անգամ՝ հեքիմությամբ զբաղվել: Մարդիկ վկայում են, որ նա տնային կանչեր է սպասարկում, միայն ոչ թե Լուսինե Ռոստոմյանի կամ այլ մասնագետի անմիջական մասնակցությամբ: Եվ գուցե առողջական խնդիրներ ունեցող մարդկանց նա հիվանդանոց կամ բուժամբուլատորիա է տեղափոխում միայն նրա համար, որ ապացուցի, թե ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից տրամադրված մեքենան ծառայում է իր նպատակներին: Իսկ իրականում այդ մեքենան ինչ ասես, որ չի կրել, ինչ սար ու ձոր ասես, որ չի կտրել՝ մի փուշ անգամ չհանելով Գեղամասարի բուժամբուլատորիայի տնօրինության ու աշխատակիցների մատից:
Եվ այսպես՝ հեքիմության բոստան մտած գյուղապետը ոչ ավտոմեքենան է հանձնում տիրոջը, ոչ էլ մաքրում նրա վրայից Կարմիր խաչի նշանն ու համապատասխան ազդագիրը: Իսկ մենք ուզում ենք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գարիկ Հայրապետյանին նորից հիշեցնել ուղիղ մեկ տարի առաջ տված իր խոստումն առ այն, որ ինքը Նյու-Յորքից Հայաստան ժամանելուն պես անձամբ կվերցնի շտապօգնության մեքենան գյուղապետից եւ կհանձնի բուժամբուլատորիայի տնօրինությանը: Սակայն մինչ այժմ մենք գործ ունենք այլ իրողության հետ կամ այն նույն իրողության հետ, ինչ որ եղել է սկզբից մինչ այժմ: Գլուխը քարը, թող այդ մեքենան էլի կրի ցորեն ու գարի, թռչի սար ու քարի վրայով, ինչ անի-չանի, միայն թե հնարավորություն չտա կիսագրագետին՝ եղած խելքն ու միտքը խոթելու մասնագիտական գործունեության դաշտ, տգիտության աստիճանի հասնող իր զոռբայությանը ութ համայնքներին, իր գյուղին, եւ ինչու ոչ, պետական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին պարտադրելու:
Խոսրով Խլղաթյան
0 comments:
Отправить комментарий