ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՙՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ՚ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության կողմից կազմակերպվեց քննարկում, որի ժամանակ ներկայացվեց ՙՀաշմանդամություն ունեցող անձանց մասին՚ օրենքի նախագիծը: Քննարկումը վարում էր Գեղարքունիքի փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզում սոցիալական խնդիրներով, հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԱՍՀ նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը ներկայացրեց իրենց հանդիպման նպատակը, նշելով, որ իրենց գործունեության մեջ շեշտը դրվում է հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելու եւ նրանց ներուժն ի շահ հասարակության օգտագործելու համար: Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության մասնագետները քննարկման մասնակիցներին ներկայացրեցին նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող երկու ծրագրերը, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորմանը, օրթոպետիկ պարագաների, լսողական սարքերի տրամադրմանը, ինչպես նաեւ՝ աչքի պրոթեզավորմանը:
Փոխմարզպետ Ա. Ղուկասյանը, անդրադառնալով մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնահարցերին եւ օրենքի նախագծին, իր խոսքում կարեւորեց նաեւ ներառական կրթության դերը հաշմանդամների խնդիրների լուծմանն աջակցելու հարցում: Արթուր Կեսոյանը տեղեկացրեց նաեւ այն մասին, որ հանրապետության 63 դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, եւ առաջիկայում նախատեսվում է ընդարձակել ներառական կրթության մեջ ընդգրկվող դպրոցների թիվը:
Ինչպես ՙԳեղամա աշխարհի՚ թղթակցին հայտնեց ՀՀ ԱՍՀ նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակից Քրիստինե Հովհաննիսյանը` ՙՀաշմանդամություն ունեցող անձանց մասին՚ օրենքի նախագիծը քննարկվում է հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում: Քննարկումների նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկման ծավալների ընդարձակումն է:
Արթուր Կեսոյանը միաժամանակ հայտնեց, որ Գեղարքունիքի մարզը միակն է, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում թեքահարթակների կառուցման, դռների եւ օժանդակ կառույցների համապատասխանության վրա, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին եւ հասարակությանը ավելի դյուրին ինտեգրվելուն:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More