Գեղարքունիքի մարզի 6 համայնքները ներկայացնող մշակութային հաստատությունները հաղորդակից եղան ՙԳարնանային ներշնչանք՚ մշակութային նախագծին: Նախագիծը կազմակերպվել է Վիվասել-ՄՏՍ-ի կողմից, որում ներգրավված են մայրաքաղաքի եւ ՀՀ մարզերի մշակութային եւ գեղագիտական հաստատությունները: ՙԳարնանային ներշնչանքին՚ մասնակցում էին Գավառի, Սեւանի, Վարդենիսի, Ճամբարակի, Նորատուսի եւ Կարմիրգյուղի արվեստի ու գեղագիտական դպրոցները:
Միջոցառումը կայացավ Գավառի մշակույթի տանը` ներկայացնելով ցուցահանդես եւ համերգային մաս: Միջոցառման շրջանակներում մշակութային կառույցները հանդես եկան արվեստի տարբեր ճյուղերի` ազգային պարարվեստի, երգարվեստի, նկարչության, ասեղնագործության, բեմական արվեստի, լուսանկարչական թեմատիկ գործերով, որոնք արտահայտում էին երեխաների ընկալումը բջջային օպերատորի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության վերաբերյալ եւ պարունակում են ընկերության կորպորատիվ նշանը:
Համերգային մասում ելույթներով ներկայացան Գավառի, Սեւանի, Կարմիրգյուղի եւ Նորատուսի արվեստի ու երաժշտական դպրոցները: Ավարտին 220 մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան խորրդանշական նվերներ:
Ինչպես տեղեկացանք Վիվասել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից` ՙԳարնանային ներշնչանք՚ նախագծի նպատակը Հայաստանում երիտասարդ տաղանդներին բացահայտելն ու նրանց ստեղծագործականությունը խթանելն է: Արդեն սկսվել են արդյունքների քննարկումն ու ամփոփումը, որը կհրապարակվի գալա համերգի ժամանակ: Յուրաքանչյուր դպրոցից հաղթող կընտրվի մեկ գործ: Դպրոցները կստանան արժեքավոր նվերներ, որոնք կծառայեն այդ հաստատությունների կարիքներին ու նպատակներին:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий