Գեղարքունիք գյուղում ընթացքի մեջ են համայնքի համար կենսական նշանակության մի շարք ծրագրեր:
Ըստ Գեղարքունիքի համայնքապետ Կարապետ Ասատրյանի` այս օրերին ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցը: Հարթեցման եւ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում 600 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վրա: Աշխատանքի արժեքը կազմել է 30 միլիոն դրամ, որը հատկացվել է ՀՀ պետբյուջեից: Ասֆալտապատման աշխատանքներում ընդգրկվել է 10 գեղարքունիքցի աշխատող: Եթե անձրեւները չխոչընդոտեն, ապա ասֆալտապատ ճանապարհը երթեւեկելի կդառնա մեկ շաբաթից:
ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի եւ համայնքի ներդրումներով Գեղարքունիքում կառուցվում է ոռոգման ցանց, նորոգվում է ջրանցքը: Այս աշխատանքներում ներդվել է 82 միլիոն դրամ, որից 12.5 միլիոն դրամ տրամադրվել է համայնքի բյուջեից: Ոռոգման ցանցի կառուցման արդյունքում ոռոգելի կդառնա 100 հեկտար տարածք: Աշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբեր: Ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներում բացվել է 15 ժամանակավոր աշխատատեղ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ համայնքի բյուջեի միջոցներով նորոգվել է ոռոգման համակարգը, մաքրվել ու խորացվել են առուները: Այս աշխատանքների վրա ծախսվել է 300 հազար դրամ: Նույնչափ գումար է ներդվել գյուղամիջյան ճանապարհների հողային հարթեցման աշխատանքների համար: Նախ կատարվել է 1 կմ երկարության ճանապարհների փոսալցում, հարթեցում, ապա` ճանապարհներին փռվել է կարմիր ավազ:
Կատարվել է համայնքի տների համարակալում, փակցվել են փողոցների անուններն ու տների համարները: Այս աշխատանքներում ներդրումը կազմել է 600 հազար դրամ: Նորոգվել է գյուղի գիշերային լուսավորության համակարգը: Գեղարքունիքի գիշերային լուսավորության նորոգման ցանցի վրա ծախսվել է 350 հազար դրամ:
Գեղարքունիքն ունի 2100 բնակիչ: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Ընդհանուր հաշվով համայնքում պահվում է 750 գլուխ խոշոր եւ 200 մանր եղջերավոր անասուն:
Համայնքի բնակչության ֆինանսական-սոցիալական խնդիրները լուծվում են նաեւ արտագնա աշխատանքի հաշվին:
Նախատեսվում են իրականացնել կենսական նշանակության այլ ծրագրեր: ՙՎորլդ Վիժն՚ բարեգործական կազմակերպության համատեղ ծրագրով կհիմնանորոգվի Գեղարքունիքի մանկապարտեզը: Մանկապարտեզի հիմնանորոգման արժեքը կազմում է 30 միլիոն դրամ, որի 8 միլիոն դրամը կտրամադրվի համայնքի բյուջեի միջոցներից:
Մանկապարտեզը կկառուցվի գյուղի մշակույթի տան երկրորդ հարկում, ուր գործում են նաեւ մարզադհլիճ, խաղասենյակ, թենիսի սենյակ:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий