ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 18 января 2012 г.

ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ


 Մեր հողի անդորրը տարվա բոլոր օրերին, այդ թվում եւ Ամանորի տոներին, արթուն պահակի պես հսկում են մեր քաջ ու անկոտրում զավակները` Հայոց բանակի զինվորները: Նրանց ծնողները ոչ միայն սրտատրոփ ամեն վայրկյան հաշվում են ծառայության ժամերն ու օրերը, այլ նաեւ սրտանց ուրախանում, երբ լսում կամ կարդում են զինվորական հրամանատարության շնորհակալական խոսքերը իրենց  որդիների լավ ու կարգապահ ծառայության մասին: Նման երջանիկներից մեկն էլ Վանեւան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Քոչարյանի ընտանիքն է, որի անդամներն ուրախանալու առիթ ունեցան Ամանորից առաջ` ստանալով զինվորական հրամանատարության շնորհակալական նամակը, որտեղ գրված է. ՙՀարգարժան Տեր եւ Տիկին Քոչարյաններ:
Գոհունակությամբ հայտնում եմ Ձեզ, որ Ձեր որդին` ավագ Ֆելիքս Վազգենի Քոչարյանը, ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում, պատվով  է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջներն ու Ձեր ծնողական պատգամը` անմնացորդ նվիրել մեր Հայրենիքի պաշտպանության գործին: 
Ձեր որդին աչքի է ընկնում ազնվությամբ, բացառիկ բարեխղճությամբ եւ կամքի ուժով: Նա բարձր է պահում հայ ռազմիկի պատիվը, միշտ պատրաստ Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Դուք իրավամբ կարող եք հպարտանալ Ձեր զավակով: 
Երախտապարտ եմ Ձեզ նման հայրենասեր որդի եւ քաջարի ռազմիկ դաստիարակելու համար:
 ՀՀ Պաշտպանության նախարարության 4035 զորամասի հրամանատար գնդապետ Ա. Քեշքօղլյան՚:
 Այս նամակը   ՙԳեղամա աշխարհին՚ փոխանցեց զինվորի հայրը եւ հպարտորեն պատմեց իր որդու ուսումնական եւ զինվորական հաջողությունների մասին:
 Ֆելիքսը ծնվել եւ դաստիարակություն է ստացել մանկավարժի ընտանիքում. հայրը մասնագիտությամբ ֆիզիկոս է, մայրը` մաթեմատիկայի ուսուցչուհի, ովքեր ունեն մանկավարժի բազմամյա վաստակ:
 Այս ընտանիքում, ուր սերն ու նվիրումը հայրենիքի հանդեպ դրված է բարձր հիմքերի վրա, հայրենասիրությամբ ներծծված ոգով ու պարտքի բարձր զգացումով է մեծացել ու կայացել Ֆելիքսը:
Ինչպես նշեց զինվորի հայրը` Ֆելիքսը հինգ տարեկանից է դպրոց հաճախել, բարձր առաջադիմությամբ ավարտել դպրոցը, վճարովի հիմունքներով ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը եւ այն ավարտել անվճար հիմունքներով: Նման բարձր առաջադիմություն եւ կարգապահություն նա ցուցաբերում է նաեւ զինվորական ծառայության ընթացքում` նաեւ ինքնակրթությամբ զբաղվելու ժամանակ գտնելով: Համոզված ենք, որ իր ծառայության մնացած կես տարին էլ նա պատվով ու պարտաճանաչորեն կավարտի եւ զորացրվելուց հետո կնվիրվի իր հայրենիքի շենացման ու զարգացման սուրբ գործին:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More