Մարդու վաստակն ավելի շատ չափվում է ոչ այնքան նրա ստեղծած կամ ժառանգած նյութական կարողությամբ, որքան` հասարակությանը մատուցած հանրօգուտ ծառայությամբ: Մեր ակնարկի հերոսուհին, անտարակույս, վաղուց է վաստակել այդ բարի ու նվիրական անունը, լավագույն բժիշկ մասնագետի համբավն ու փառքը, իր հող ու ջրի մարդկանց հոգատար կերպով ու անմնացորդ ծառայելու պատիվը: Քառասունութ երկար ու ձիգ տարիների ընթացքում նա միշտ եղել է իր մասնագիտական խղճի ու պարտականության հետ` նույն տեղում` Գավառի շրջանային հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքում, նախ որպես բժիշկ-թերապեւտ, ապա` թերապեւտիկ բաժանմունքի վարիչ: Նրա հմուտ ու հոգատար ձեռքերը, ինչպես վկայում են նրա միջամտությամբ առողջացած շատ մարդիկ, բազմաթիվ մարդկանց ու ընտանիքների են երջանկացրել: Սիլվա Վարդանյանը ծնվել է Հրազդան քաղաքում, մասնագիտությամբ իրավաբան, կուսակցական-պետական աշխատող Գերասիմ Վարդանյանի ընտանիքում: Ավարտել է մայրաքաղաքի Դ. Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա` Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1964 թվականից մինչ այժմ նա, հավատարիմ Հիպոկրատյան երդմանը եւ մասնագիտական պարտքի թելադրանքին, շարունակում է բարեխղճորեն ծառայել իր ժողովրդին: 1986 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ`ՙՊարբերական հիվանդություն՚ թեմայով եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իր անբասիր եւ հայրենանվեր աշխատանքի համար քանիցս արժանացել է կառավարական պարգեւների եւ շնորհակալագրերի: Նա ոչ միայն հմուտ ու բանիմաց մասնագետ է, այլ նաեւ մարդկային արժանիքների տեր անձնավորություն, որ միշտ ու բոլոր իրավիճակներում կանգնած է եղել հիվանդների կողքին` դեղերից ու բուժումներից ավելի նրանց թեւավորելով իր բարի ժպիտով, հուսադրող խոսքերով ու անչափ հոգատար վերաբերմունքով:
-Իմ կյանքի ամենահաճելի, երջանիկ պահերը համարել եմ այն ակնթարթները, երբ դժվարին, երբեմն անելանելի դրություններից դուրս են եկել շատ հիվանդներ եւ առողջ վիճակում վերադարձել իրենց ընտանիքներ,-նշում է Սիլվա Վարդանյանը,- իսկ ամենադժվար եւ տխուր պահերը եղել են այնժամ, երբ բուժական միջամտությունն ի զորու չի եղել` հիվանդին կյանք վերադարձնելու համար: Սակայն ինձ բավարարված եմ զգում, որ կարողացել եմ շատ ընտանիքների ու մարդկանց վերադարձնել կյանք, արժանանալ նրանց երախտագիտական ջերմ խոսքերին ու օրհնանքներին: Այդ աշխատանքը պահանջել է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաեւ ծով համբերություն ու աներեւակայելի ջանքեր, աշխատանքային ժամերից դուրս կատարվող կանչեր ու այցեր: Եվ չի եղել մի դեպք, որ որեւէ կանչ մնա անարձագանք:
Սիլվա Վարդանյանը մի առիթ եւս ունի` իրեն երջանիկ մարդ համարելու. դա իր ստեղծած ներդաշնակ ընտանիքն է , որ նա ժամանակին կազմել է Գավառ քաղաքի բնակիչ, Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտի շրջանավարտ, մասնագիտությամբ ինժեներ Վազգեն Շահինյանի հետ:
Իրենց մոր մասնագիտությամբ ընթացան նաեւ նրանց դուստրերը` Արփինե եւ Լուսինե Շահինյանները: Արփինեն այժմ դասախոսում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, իսկ Լուսինեն աշխատում է բժիշկ-սրտաբան:
Ինչպես խոստովանում է Սիլվա Վարդանյանը, ինքը շատ է ջանացել, որ իր դուստրերը գնան այլ մասնագիտությամբ, չընտրեն բժշկի բարդ ու պատասխանատու աշխատանքը: Սակայն դուստրերը գնացել են մոր կամքին հակառակ` միշտ հպարտանալով նրա գործերով ու անվամբ:
-Մամա,-ասաց մի օր ինձ իմ ավագ դուստրը,- այնպես կուզեմ, որ միշտ դու քայլես իմ կողքին, որ մարդիկ իմանան, որ դու իմ մայրն ես:
Սիլվա Վարդանյանը նաեւ հպարտությամբ ու ակնածանքով է հիշում Արցախյան շարժման եւ պատերազմի օրերը, երբ հայ ժողովուրդը մի բռունցք դարձած մարտնչում էր հայրենի հողի փրկության համար: Այդ օրերին Գավառն ընդունում էր ոչ միայն փախստականներին, այլ նաեւ հիվանդներին կամ վիրավորներին, որոնց առանձնակի հոգատարությամբ շրջապատում էին տեղացիները: Սիլվա Վարդանյանը ոչ միայն բուժօգնություն է ցուցաբերել նրանց, այլ նաեւ` նյութական ու բարոյական աջակցություն:
-Տպավորված եմ հատկապես Գետաշենի հերոս կանանցով,- նշում է բժշկուհին,- նրանք պահանջում էին մեզնից ոչ թե հաց կամ հագուստ ու փող, այլ` միայն զենք, որ վերադառնան ու միանան թշնամու գերազանց ուժերի դեմ հերոսաբար մաքառող իրենց ամուսիններին: Այդպիսի կանայք ունեցող ազգը հավերժական է, ամենալավ կյանքին արժանի:
Վաստակաշատ բժշկուհին Կանանց տոնի առթիվ աշխարհին նախեւառաջ մաղթում է տեւական խաղաղություն, հայ կանանց` երջանիկ ու անխաթար մայրություն, մարդկանց` քաջառողջություն եւ հաջողություն:
-Թող մարդիկ այնքան առողջ լինեն, այնպիսի լավ ապրելակերպ ունենան, որ մեզ դիմեն հազվադեպ, ծայրահեղ դեպքերում, իսկ մենք հնարավորինս քիչ ականատես լինենք մարդկանց կորուստներին կամ ընկճված հոգեվիճակներին:
Մեզ մնում է միայն հպարտություն շնչել ու թեւավորվել մայրական ու կանացի այսպիսի կերպարներից, ովքեր իրենց ներկայությամբ, իրենց գործերով նվիրում ու հարգանք են սփռում շրջապատում, իրենց անձերով ու ապրած կյանքով գեղեցկացնում հայոց հինավուրց ու նորօրյա աշխարհը:
Խոսրով Խլղաթյան
0 comments:
Отправить комментарий