ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 28 июня 2011 г.

ԻՐ ՀՈՂԻ ՇԻՏԱԿ ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ


Հունիսի 22-ին լրացավ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի պաշտոնավարման չորս տարին: Նրա ղեկավարման տարիներին զգալի առաջընթաց արձանագրվեց մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:
Անսահման եռանդով ու աշխատասիրությամբ օժտված մարզպետն իր նվիրվածությամբ, գործերի հանդեպ ամենայն պատասխանատվությամբ ու պահանջկոտությամբ, ծագած խնդիրները լուծելու վճռականությամբ օրինակ է ծառայում մարզի ամենատարբեր ոլորտների պաշտոնյաներին, նկատել տալով, որ մեր հայրենիքը վերաշինվել կարող է միայն արարող ձեռքերի եւ ժրաջան ու անդուլ աշխատանքի շնորհիվ:
Մեր թերթի էջերում մշտապես լուսաբանվել է Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված կենսական նշանակության ծրագրերը եւ այն հիմնախնդիրները, որոնք դեռ կարոտ են լուծման եւ սպասում են համարժեք քայլերի:
Անցած չորս տարիների ընթացքում մարզպետը եղել է դեպքերի եւ իրադարձությունների կիզակետում, իր ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով ու խնդիրներով, ձգտել հնարավորինս մեղմել ու թեթեւացնել մարդկանց հոգսերը, հույս ու հավատ ներշնչել շրջապատին: Նա ավելի շատ գործի, քան խոսքի մարդ է: Իրավիճակն արագ գնահատող, սթափ բանականությամբ եւ խորաթափանցությամբ օժտված Նվեր Պողոսյանը ղեկավար լինելուց զատ մարդամոտ ընկեր է ու ազնիվ խորհրդատու, մեծ գերդաստանի զավակ ու ընտանիքի նվիրական հայր: Ղեկավար լինելուց զատ Նվեր Պողոսյանն իր հարազատ հողի սիրահարն ու մշակն է: Նրա քրտինքով ամայի շատ տարածքներ դարձել են կանաչապատ ու ծառապատ, նրա ձեռքերի մեջ շունչ ու մարմին են առել մեր պապերի ավանդած բահն ու գերանդին: Նա ձգտում է ոչ միայն մինչեւ հոգու խորքը ճանաչել իր ժողովրդին, այլ նաեւ մեր պատմությունը, մեր գրի ու մշակույթի հսկաներին, մեր հինավուրց հողի գաղտնիքները: Նա շարունակում է ամեն ժամ ու վայրկյան սովորել ու սովորեցնել՝ կառավարման դժվարին արվեստում ցուցաբերելով մասնագիտական ու մարդկային բարձր որակներ: Նա գնահատել գիտի արժանավորին, աշխատողին, ուղղամտությունը, ճշմարտախոսությունը:  Խստապահանջ  նրա կեցվածքի տակ իրականում թաքնված է բարի ու մեծ սրտի տեր, մարդուն սիրող մարդը: Դրանում համոզվել են շատ շատերը, անգամ նրանք, որոնց թեկուզ մեկ անգամ է բախտ վիճակվել Նվեր Պողոսյանին ինչ-որ հարցով դիմելու: Անգամ մերժման դեպքում նրանք դժգոհ չեն հեռացել, քանզի ստացել են միայն ու միայն ուղղամիտ ղեկավարի պատասխանը:
Անցած չորս տարիների ընթացքում նա ոչ միայն հասցրել է վայելել մարզի բնակչության սերն ու հարգանքը, այլ նաեւ ձեռք բերել հանրապետության ղեկավար այրերի վստահությունը: Եվ այդ վստահության արդյունքում էլ ՀՀ կառավարության եւ դոնոր կազմակերպությունների կողմից կատարված ներդրումները մեր մարզում վերջին տարիներին նկատելիորեն ավելանում են՝ զարկ տալով աշխարհաշեն շատ ու շատ ձեռնարկների: Այսքանով հանդերձ, նա չի հանգստանում ձեռք բերածով, միշտ ձգտում է ավելիին, իր ղեկավարած մարզի բնակավայրերը օր ու ժամ առաջ բարեկեցիկ տեսնելուն:
Եվ նրա անհանգիստ բնավորությունը, անսպառ եռանդը բազմապատկում են մարզպետարանի աշխատակազմի, մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ աշխատակիցների աշխատանքային ջիղն ու պատասխանատվությունը, ձգտումն ու նպատակամղվածությունը: Նա միշտ իր հողի պաշտպան զինվորի, իր հողի մշակ հերկվորի, իր դպրության մշակ մանկավարժի, իր հայրենիքի գալիքը կերտող երեխաների, վաստակած մարդկանց կողքին է՝ նրանց քաջալերելով իր ներկայությամբ, ժպիտով, հուզավառ խոսքերով, հայրենիքի հանդեպ ունեցած  անսահման սիրով ու հավատով: Նա իր հողի արժանավոր ու շիտակ Տերն ու Ծառան է, ումով կարելի է միայն հպարտանալ: Եվ համոզված ենք, որ Նվեր Պողոսյանի ղեկավարությամբ Գեղարքունիքում դեռ աշխարհաշեն շատ գործեր կձեռնարկվեն՝ արժանի փառաբանման ու հիշատակության:
<<Գեղամա աշխարհ>>

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More