ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԲԱՐՁՐԱՑՈՂ ՍԵՎԱՆԸ ՄԱՔՐՎՈՒՄ Է ՋՐԱԾԱԾԿ ԱՆՏԱՌՆԵՐԻՑ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐ


 Հունիսի առաջին 12 օրերի ընթացքում եւս Սեւանի մակարդակը շարունակեց  բարձրանալ` ջրածածկման սպառնալիք ստեղծելով մերձակա անտառային տարածքների, շենք-շինությունների, պոմպակայանների, կոմունիկացիոն գծերի համար: ՀՀ կառավարությունը շարունակում է միջոցներ տրամադրել ջրածածկվող տարածքները շենք-շինություններից եւ ծառերից ու թփերից մաքրելու եւ կոմունիկացիոն գծերը տեղափոխելու համար, որպեսզի ապահովվի բարձրացող ջրի մաքրությունը: 

Ինչպես տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը` այս պահի դրությամբ մաքրման աշխատանքները շարունակվում են ինչպես ջրածածկված անտառային հատվածներում, այնպես էլ ցամաքում: Կառավարության կողմից հատկացված 122 մլն դրամի հաշվին նախատեսված է մաքրել 283 հա ջրածածկման ենթակա անտառային տարածքներ: 
 Մաքրման աշխատանքները ջրի մեջ իրականացվում են ֆիննական ՙՎաթերմայստեր՚ լողացող սարքի եւ նրան աջակցող հատուկ լաստանավի օգնությամբ: Այս  սարքավորումները լճում աշխատել են այս տարվա ընթացքում` հունվար-մայիս ամիսներին: Աշխատանքների երկրորդ ուղղությունն ընթանում է ցամաքի անտառային այն հատվածներում, որոնք գտնվում են 1900.25 մետր նիշից ներքեւ: ՙՍեւան՚ ազգային պարկը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օժանդակությամբ փորձում է հնարավորինս արագ մաքրել ջրածածկվող անտառային տարածքները: Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են որպես վարձատրություն ստանալ ողջ հատված փայտանյութը` մուծելով միայն բնավճարը: Մաքրման աշխատանքներն արագացնելու խնդիրը կայանում է նրանում, որ Սեւանն ավելի արագ է բարձրանում, քան կարելի էր կանխատեսել: Բավական է ասել, որ այս պահի դրությամբ այն գտնվում է ծովի մակարդակից 1900.42 մետր բարձրության վրա, ինչը մոտավորապես արդեն հավասարվում է 1962 թ. հունվարին գրանցված նիշին:
 ՙՍեւան՚ ազգային պարկ ՊՈԱԿ տնօրենի առաջին տեղակալ Գագիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` այս տարվա ընթացքում շարունակվել է Սեւանի ափերի մաքրումը շենք-շինություններից 1900.25 մետր նիշից ցած գտնվող տարածքներում: Հաշվառված 528 շարժական կամ անշարժ շենք-շինություններից այսօրվա դրությամբ ապամոնտաժվել եւ տեղափոխվել է 323 շինություն, եւ դեռեւս չքանդված կամ չտեղափոխված է մնում 195-ը: Այժմ ապամոնտաժման փուլում է գտնվում 10 շենք-շինություն: ՙԼավանդա սիթի՚ հանգստյան գոտում ժամանակին կառուցված 165 քարե շինություններից 105-ն արդեն ապամոնտաժված եւ տեղափոխված է: 
 Այս օրերին Սեւանի թերակղզու մի հատվածում եւ Սեւանի քաղաքային լողափի տարածքում ընթանում են հանրային 2 լողափերի շինարարական աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն հունիսի վերջերին, ինչի արդյունքում հանրային երկու լողափերը կկահավորվեն եւ կազմ ու պատրաստ կընդունեն հանգստացողներին անվճար հիմունքներով: Հանրային լողափերի տարածքներում կբացվեն սննդամթերքի վաճառքի եւ սպասարկման այլ կետեր:  
 Հետագա տարիների ընթացքում հանրային լողափերի քանակը Սեւանի ափին կավելանան եւս մի քանիսով: Հանրային երկու լողափերի շինարարական աշխատանքներն ավարտելու համար պետբյուջեից ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 62 միլիոն դրամ: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More