ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ԳԱՅԼԵՐԻ ԵՂԵՌՆ՝ ԱԽՊՐԱՁՈՐՈՒՄ


 Օգոստոսի 1-ի երեկոյան ՙԳեղամա աշխարհի՚ խմբագիրն ահազանգ ստացավ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանից այն մասին, որ հուլիսի 31-ի ժամը 16-ի սահմաններում գայլերի հարձակման թիրախ է դարձել գյուղից մոտ 5 կիլոմետր հեռավորությամբ արածող ոչխարի հոտը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր մեկնելով ՙԳեղամա աշխարհի՚, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության ներկայացուցիչներն արձանագրեցին, որ ոչխարի հոտի վրա անակնկալ գրոհած գայլերի  ոհմակը սոսկալի վնաս է պատճառել ծովի մակարդակից մոտ 2400 մետր բարձրության վրա գտնվող գյուղի տնտեսություններին՝ հոշոտելով 82 գլուխ ոչխար: Ինչպես տեղում պատմեց նույն օրը ոչխարի հոտը սարում պահող հիսուներեքամյա Ալբերտ Ժամհարյանը՝ հոտի վրա հարձակված 4 գայլերը ցրիվ են տվել 400 գլխանոց ոչխարի հոտը դաշտերով ու ձորերով մեկ եւ պատառոտել իրենց ձեռքն ընկած ավարը: Անզեն հովվին մնացել է իրար գլխի հավաքել մնացած ոչխարները եւ գյուղ իջեցնել: Ընդհանուր հաշվով հոշոտվել է 13 տնտեսության ոչխարներ, որոնց  դիակները կամ վիրավոր մարմինները գյուղի բնակչությունը մեծ դժվարությամբ հավաքում ու գյուղ էր տեղափոխում օգոստոսի մեկի ընթացքում, անգամ՝ կեսգիշերին: Տարեց ախպրաձորցիները վկայեցին, որ տարբեր ժամանակներում իրենց գյուղում գայլերի հարձակման դեպքեր եղել են ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ընթացքում, սակայն նման խոշոր հարձակում եւ համատարած վնաս գյուղն առաջին անգամ է տեսնում: Այս դեպքից օրեր առաջ գայլը գյուղի մյուս հոտից հափշտակել է 1 գլուխ ոչխար, ինչին եւ հաջորդել է այս անասելի սպանդը: Գյուղացիները մտավախություն հայտնեցին այն մասին, որ գայլերի հարձակումը կարող է շարունակվել նոր թափով, քանի որ Ախպրաձորում ոչ որսորդ կա, ոչ՝ հրացան, եւ դժվար կլինի կանխել ոհմակի հետագա գրոհները, եթե միջոցներ չձեռնարկվեն:
 Պատահարի մասին ՀՀ կառավարությանը զեկուցել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության  մոտավոր հաշվարկներով եւ գնահատումներով  Ախպրաձորի տնտեսություններին  պատճառվել է  շուրջ վեց միլիոն դրամի վնաս: Հոշոտված ոչխարների միսը հիմնականում պիտանի չէ վաճառքի կամ օգտագործման: Իսկ առավել ցավալին այն է, որ ոհմակի կողմից հոշոտվել  է գյուղի ոչխարի մայրական կազմը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More