ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 5 сентября 2011 г.

ՌԱՆՉՊԱՐԻ ԿԱՆՉԸ


աքսորը միայն բռնի չի լինում, այլեւ՝ կամովին
 Պ. Սեւակ 
/սկիզբը նախորդ համարներում/
Մեր իրականության վերջին տասնամյակներում, մանավանդ  ԽՍՀՄ փլուզման եւ նրան հաջորդող առաջին տարիներին միշտ քննադատվել է կոլխոզների կամ սովխոզների ստեղծման քաղաքականությունը, դրանց հիմնադրումը համարվել գյուղացու նկատմամբ բացարձակ բռնության եւ գյուղատնտեսության ազատ զարգացման հնարավորությունների ոչնչացման արդյունք: 
Ոչ ոք այսօր այդ կարծիքները չի էլ վիճարկում: Սակայն մեր երկրում ի՞նչ ստեղծվեց պետական տնտեսությունների լուծարումից հետո: Հողի եւ արտադրության միջոցների վերաբաշխումը կատարվեց ոչ միայն հապճեպորեն, այլ նաեւ առանց հստակ ռազմավարության, առանց վերլուծությունների ու հաշվարկների, առանց կշռադատված մոտեցումների: Պետական տնտեսությունների լուծարման հետ մեկտեղ ոչնչացվեցին նաեւ ոլորտի հետ սերտորեն կապված ագրոարդյունաբերական եւ գիտաարտադրական մյուս միավորումները, եւ առաջին հայացքից խանդավառված գյուղացին մեն-մենակ մնաց իր հողի հետ՝ բացառապես կանգնելով կոտրած տաշտակի առջեւ: Քչե-շատե ԽՍՀՄ վերջին տարիներին ձեւավորված կենտրոնացված եւ գիտական հիմքերի վրա դրված գյուղատնտեսությունից գրեթե ոչինչ չմնաց՝ կարճ ժամանակում վերածվելով պրիմիտիվ երկրագործության եւ պարզ խաշնարածության: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, թե ինչպես քանդվեցին ու հողին հավասարվեցին կապիտալ կառույցներ հանդիսացող անասնապահական համալիրները, անասնագոմերը, կաթի, մսի, պտղի վերամշակման գործարանները, ինչպես հարկադիր մորթի տակ դրվեց  մի քանի հարյուր հազարի հասնող խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գրեթե ողջ գլխաքանակը: Մեկ-երկու տարին բավարար եղավ, որպեսզի հզոր գյուղատնտեսություն ունեցող Հայաստանը պատերազմի եւ շրջափակման պայմաններում հայտնվի քաղցի ճիրաններում: Հո մեր հիշողությունից դեռ չեն ջնջվել այն օրերը, երբ մեր նորաբաց խանութ-կրպակները ինչ ՙգալինա-բլանկաներ՚, փաթեթավորված ինչ արհեստական կերեր, հազիվ երշիկ հիշեցնող ինչ սննդամթերք  էին վաճառում բնակչությանը: Այդ այն դեպքում, երբ պատերազմի ու շրջափակման մեջ գտնվող Հայաստանին օդի ու ջրի չափ էին անհրաժեշտ երկրագործական ու անասնապահական տնտեսությունները, սննդի վերամշակման ձեռնարկությունները, ագրոարդյունաբերական եւ ագրոտեխնիկական ողջ պոտենցիալը, ինչ որ կերպ եղածը պահպանելու եւ զարգացնելու հեռատես քաղաքականությունը: Ավաղ, քանդելու մոլուցքով բռնկված մեր երկիրը համատարած գլորվեց դեպի անդունդ, դեպի անկում ու խավար, դեպի թշվառություն: Գյուղացին լքել սկսեց հողն ու երկիրը: Անտերության մատնվեց անգամ ոռոգման համակարգը հազարավոր հեկտարների վրա: Թալանվեցին կամ լումայի արժեքով վաճառվեցին ոռոգման ջրատարների համար ծառայող խողովակները, կիսախողովակները, պոմպակայանները, խորքային հորերը: 
 Արդյո՞ք վերջին ճիգերով Հայաստանն ու Արցախն արյան գնով պաշտպանող մեր երկրին, թեկուզ այսպես կոչված անցումային շրջանում, կաթ ու միս, պանիր ու պանրագործարան պետք չէր, անասնապահական համալիր ու մշակվող արտ պետք չէր: Եվ ինչ զավեշտալի ճանապարհով ենք անցել մենք՝ կործանելով սոցիալիստական գյուղատնտեսական համակարգը եւ դեռ տեղը մի նշանակալի բան չստեղծելով:  Քավ լիցի, հիմա ոչ վաղամեռիկ Խորհրդային Միությունը, ոչ էլ Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավար այրերն իմ պաշտպանության կարիքն ունեն, որպեսզի երբեւէ մեղադրվեմ նրանց հանդեպ ունեցած կարոտախտի եւ ջատագովության մեջ: Պարզապես ճշմարտությունը միշտ պարտավոր է բոլորից վեր ու բարձր հնչել: Եվ ցավը ոչ այնքան սխալներ թույլ տալու, որքան որ դրանք գիտակցելուց հետո համապատասխան շտկումներ չանելու մեջ է:  

Հիմա վերադառնանք բուն նյութին: Ի՞նչ ասել է մեզանում հողի սեփականաշնորհում, որ իրականացվեց 1990-ական  թվականների ընթացքում: Հողը տրվեց գյուղացու՞ն, թե մատնվեց համատարած անտերության: Այն ժամանակ գյուղացի հասկացությունը դարձել էր հարաբերական, քանի որ գյուղում էին բնակվում նաեւ մանկավարժները, ծառայողները, արտադրությունում զբաղվածները, արտագնա աշխատանքի մեկնողները, որոնց մեծ մասը բացառապես չէին տիրապետում հողագործության եւ անասնապահության ամենաչնչին նրբություններին: Հողը բաժանվեց հավասարության, հասարակության բոլոր շերտերին բավարարելու սկզբունքով, եւ արդյունքում տուժեց նա, ով տիրապետում էր հողի մշակությանը, ով տիրապետում էր գյուղմթերքների արտադրությանը: Դա, սակայն, հարցի միայն մի կողմն էր: Սակավահող Հայաստանում, մանավանդ Գեղարքունիքի բարձրլեռնային մարզում, հազարավոր հեկտարներով վարելահողեր մասնատման արդյունքում դրվել են ճանապարհների եւ առուների տակ, այն դեպքում, երբ ընդամենը երկու տասնամյակ առաջ այդ տարածքներում ամռանը ծփում էին ցորենի եւ գարու արտերը, տարածվում բանջարբոստանային մշակաբույսերի կանաչ ցանքերը:  Իսկ հիմա փուշ ու տատասկ է բուսնում ոչ միայն այդ ճանապարհների վրա, այլ նաեւ արդեն էրոզացված վարելահողերում: Մենք գրեթե չունենք նման մի համայնք, որ հարյուր տոկոսով մշակի իր վարելահողերը, որ հարյուրավոր հողատերերից հողը հետ վերադարձնելու դիմումներ չունենա: Կտրտված, իրարից տարբեր հեռավորությունների եւ գոտիների վրա գտնվող հողերում անիմաստ կամ անհնար է եկամտաբեր գյուղատնտեսություն վարելը: Մեծ Մասրիկում, ուր ժամանակին տարեկան արտադրվել է հացահատիկ, կարտոֆիլ, կաղամբ ու ծխախոտ, հիմա արտադրվում է դրանց չնչին մասը, քանի որ Մեծ Մասրիկում առկա  3400 հեկտար վարելահողերից միայն 80 հեկտարը մասնատման հետեւանքով դրվել է ճանապարհների եւ առուների օգտագործման տակ: Իսկ ի՞նչ գյուղատնտեսություն է վարվում մեր խոշոր այն բնակավայրերում՝ Մարտունի քաղաքում, Սարուխան, Ներքին Գետաշեն, Ծակքար, Վաղաշեն, Ծովինար եւ այլ գյուղերում, ուր սեփականաշնորհված հողատարածքների մեկ փայաբաժինը չի գերազանցում  մինչեւ կես հեկտարը: Մեր հանրապետությունում սա վաղուց գիտակցվել ու ընկալվել է, սակայն այդպես էլ գործողության մեջ չի դրվում հողերի խոշորացման որեւէ միջոց ու ծրագիր, որ վերջապես հողին՝ որպես գյուղատնտեսական գլխավոր արտադրամիջոցի, տիրապետի հողի մշակը: Տասնյակ հազարավոր այրեր հիմա արտերկրում զբաղված են արտագնա աշխատանքով՝ պարապության մատնելով իրենց հողամասերն ու խոտհարքերը: Գտնելով ավելի եկամտաբեր վաստակ՝ նրանք դժվարությամբ կթեքվեն դեպի հողը կամ գյուղատնտեսական արտադրություն: Այսօր գյուղապետարանների կամ քաղաքապետարանների տնօրինության եւ տիրապետման տակ անցած վարելահողերը, խոտհարքերն ու արոտներն էլ քիչ են օգտագործվում, քանի որ, կրկնում եմ, գյուղատնտեսությունն արդեն մեզանում չի դիտվում բարեկեցության հասնելու միջոց, չի դրսեւորում բավարար եկամտաբերություն, քանի որ բազում կողմերից այն բզկտվել-քայքայվել է՝ կանգնելով ժամանակի ծանրագույն փորձությունների առաջ:
 Ի՞նչ գյուղատնտեսություն կարող է դիմանալ մերօրյա շուկայի փորձություններին: Գեղարքունիքի առաջին մարզպետ Վլադիմիր Մովսիսյանի առաջին ծրագրերից մեկը մարզում գյուղատնտեսական մեծածախ շուկայի ստեղծումն էր: Հասկանալի էր, որ մարզի գյուղատնտեսության զարգացման համար մեծ հեռանկարներ բացող այդ նախաձեռնությունը պահանջում էր լուրջ ներդրումներ եւ լայն աջակցություն: Ծրագիրը չունեցավ շարունակություն մեր առաջին մարզպետի պաշտոնավարության կարճ ժամկետի պատճառով, իսկ նրանից հետո այն մատնվեց կատարյալ մոռացության: Շատ շուտով  մեր երկրագործը կանգնեց ծանր իրողության առաջ՝ չկարողանալով վաճառել հազար ու մի նեղությամբ աճեցրած բերքը կամ արտադրանքն առհասարակ: Տարիներ եղան, երբ գերարտադրության հետեւանքով մարդիկ հարկադրված եղան հազարավոր տոննաների հասնող կաղամբ կամ կարտոֆիլ վաճառել ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գներով, երբեմն դրանք օգտագործել որպես անասնակեր կամ արդեն նեխվող ապրանքը թափել դաշտերում: Այդքանից հետո ի՞նչը կարող էր շահագրգռել գյուղացուն՝ ավելացնելու կամ զարգացնելու արտադրությունը, կապվելու իր հողին ու տնտեսությանը: Հանքային կամ սովորական աղբյուրի ջրի գինն ավելի բարձր է, քան մեր տնտեսությություններում արտադրվող կաթի գինն է: Իսկ թե այս դաշտում ինչ են անում վերավաճառողները, բոլորիս համար էլ տեսանելի է: Ցանկացած վերավաճառող մեզանում շատ ավելի մեծ, երբեմն կրկնակի-եռակի շահ է ստանում, քան գյուղմթերք արտադրողը: Ամեն գարնանացանի կամ բերքահավաքի ընթացքում պարտադիր եւ կտրուկ բարձրանում են բենզինի եւ դիզվառելիքի, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների գները: Եվ դեռ այսքանից հետո կարելի է հրաշք համարել այն, որ գյուղացին դեռ շարունակում է հող մշակել, զբաղվել գյուղատնտեսական արտադրությամբ: Մի քանի տարի առաջ ավստրիական մի կազմակերպություն մեր մարզի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ակնկալիքով  ուսումնասիրել էր մեր գյուղատնտեսությունը գրեթե բոլոր ճյուղերում: Նրանց կողմից հրավիրված սեմինարի ժամանակ գյուղատնտեսության գծով ավստրիացի մասնագետը, ով միաժամանակ նաեւ վաստակաշատ ֆերմեր էր, այսպիսի իրական կարծիք առաջ քաշեց, որը հիշում եւ մեջ եմ բերում բառացի.
ՙԴուք ունեք գյուղատնտեսություն, որը կերակրում է ոչ թե ձեզ, այլ՝ ինքն իրեն: Նման գյուղատնտեսություն Ավստրիան ունեցել է, սակայն դա եղել է մի քանի դար սրանից առաջ, միջին դարերում…՚ Նրա կարծիքով, որ հենվում էր բազմակողմանի ուսումնասիրության վրա, մեր երկրում առավել եկամտաբեր ուղղություն կարող էր լինել ոչխարաբուծությունը, ուր բոլոր ներդրումները դիտվում էին արդարացված: Մեր այն առարկությանը, թե ոչխարի մթերքը մեզանում վաճառվում է չնչին գներով կամ չի վաճառվում, ավստրացի ֆերմերը հակադարձեց, որ այսօր աշխարհում ամենաթանկը եւ պահանջվողը ոչխարի մթերքն է: Իսկ տավարաբուծությունը նման մակարդակով շարունակելը պարզապես անթույլատրելի է, եթե չի բարելավվում տոհմային գործը:
Օտարերկրյա ֆերմերի  ասածը գուցե այն ժամանակ մեզ իրատեսական չէր թվում, բայց մեկ-երկու տարի անց արդեն, իսկապես, ոչխարի մթերքը մեզանում դարձավ իսկապես ամենաթանկը եւ պահանջվողը: Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել սեփական աչքերով տեսնել Ավստրիայի տավարաբուծական եւ խոզաբուծական տնտեսություններից մեկը: Այն դեպքում, երբ մենք միշտ զարմանում ենք օրական մինչեւ քսան լիտր կաթ տվող կովեր ունենալու կամ բուծելու վրա, Ավստրիայի այդ տնտեսությունում մեկ կովի կաթնատվությունը օրական հասնում էր մինչեւ ութսուն լիտրի:
-Ինչու՞ է գյուղացին վատ ապրում,- այս գարնանն ընդառաջ հռետորական  եւ մտահոգող հարց հնչեցրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ հարցն ուղղված էր ոչ միայն ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարին, այլ նաեւ հանրությանը: Այն նաեւ երկրի ղեկավարի հատուկ կոչ էր՝ դեմքով դեպի գյուղ եւ գյուղատնտեսություն շրջվելու համար: ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ կայացրեց մի շարք նպաստավոր որոշումներ, ձեռնարկեց որոշակի քայլեր՝ գյուղատնտեսության դերն ու նշանակությունը բարձրացնելու, գյուղմթերքների արտադրությունը խթանելու համար: Սակայն մի բան հաստատ ու պարզ է, որ տարիներ շարունակ կորցրած, անտարբերության գիրկը շպրտած մեր գյուղատնտեսությունը մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում դեռ չի կարող փոսից դուրս գալ: 
 Այն, ինչ արվում է այսօր, մի շարք առումներով հուսադրող է՝ ոռոգման համակարգերի վերականգնում եւ արդիականացում, բարձրորակ սերմացուների ներկրում եւ տեղում վերարտադրության կազմակերպում, գյուղատնտեսական վարկերի տրամադրման տոկոսադրույքների նվազեցում եւ սուբսիդավորում պետության կողմից, գյուղնշանակության ճանապարհների հիմնանորոգում, ենթակառուցվածքների զարգացում: Բայց սա ընդամենը առաջին քայլերն են այն մեծ անելիքների, որոնց հաջող ավարտի դեպքում միայն մենք կունենանք արդի աշխարհի հետ մրցակցող, շահավետ ու բարեկեցություն ապահովող գյուղատնտեսություն: Առաջին հերթին գյուղատնտեսական արտադրության զարգացումը մեզանում պահաջում է խոշորացում եւ մեքենայացում, քանի որ վերջին քսան տարիների ընթացքում աննշան նորագույն գյուղտեխնիկա է ներկրվել մարզ, իսկ հին տեխնիկական միջոցները գրեթե կորցնում են շահագործման հետագա պիտանիությունը, մյուս կողմից էլ գյուղացիական մանր տնտեսությունների աշխատունակ տղամարդիկ մեծիմասամբ լքել են հողն ու գյուղատնտեսական արտադրությունը եւ համալրել արտագնա աշխատանքի մեկնողների հոծ բանակը՝ մեր գյուղատնտեսությունը զրկելով հիմնական աշխատուժից: Գյուղատնտեսության խոշորացումն ու մեքենայացումը ոչ միայն ժամանակի հրամայական է, այլ նաեւ  մոտեցող իրողություն, որի արագացման համար հարկավոր են նոր եւ լուրջ ներդրումներ եւ ծրագրված մոտեցում պետական լուրջ միջամտությամբ: Եվ ամենակարեւորը՝ հարկավոր է բարենպաստ դաշտ եւ շահագրգռվածություն ստեղծել արտերկրում հաստատված եւ նյութական որոշակի միջոցների տիրապետող մեր հայրենակիցների համար, որոնց կողմից կատարվող ներդրումները կարող են որակական եւ քանակական նոր աստիճանի բարձրացնել մեր գյուղատնտեսությունը: Այս դեպքում խոսքը ոչ այնքան գյուղատնտեսական արտադրության խթանման ու բարձրացման, որքան մեր բնակավայրերը մարդաշատ ու ծաղկուն դարձնելու մասին է, մեր հայրենիքից հաց վաստակելու մեկնած այրերի գոնե մի որոշ մասին տուն վերադարձնելու, նրանց հայրենի հողի ու ջրի հետ ամուր թելերով կապելու մասին: Այլապես առանց հող հերկող ու ջրող ձեռքերի ի՞նչ հայրենիք կարող է շարունակվել:  
Խոսրով Խլղաթյան  


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More