ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 16 ноября 2011 г.

«ՄԻ ՈՏՆԱՀԱՐԵՔ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ՆԿԱՐՉԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ` ԳԱՎԱՌՈՒՄ


Գավառի գեղարվեստի դպրոցում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Մի ոտնահարեք իմ իրավունքները» խորագրով նկարչական փառատոնի ամփոփիչ միջոցառումը: Այն կազմակերպվել էր «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում:
 Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրեն Գայանե Սանոսյանի խոսքով' 6-18 տարեկանների նկարչական աշխատանքների փառատոն-մրցույթին մասնակցել են Գավառի մանկատան սաները, Գավառի ավագ դպրոցի եւ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցների աշակերտները: Մասնակիցների մեծ մասը նաեւ գեղարվեստի դպրոցի սաներ են:
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Արմինե Ղուկասյանը հայտնեց, որ մրցույթ-փառատոնին մասնակցել են 40 դպրոցահասակ նկարիչ' ներկայանալով նույնիսկ 3 նկարներով: Երեխաների աշխատանքները ներկայացված են երկու հիմնական թեմաներով' «Մի ոտնահարեք մեր իրավունքները»' բարձր դասարանցիների համար եւ «Բռնությունն այն է, երբ...» թեմատիկան' միջին տարիքի դասարանցիների համար:
Նոյեմբերի 16-ին ամփոփվեցին դեռ մի ամիս առաջ սկսված մրցույթ-փառատոնի նկարները: Նախապես ձեւավորված հանձնաժողովի անունից ընտրվեցին հաղթող նկարներ, որոնց հեղինակներին տրվեցին պարգեւներ եւ մասնակցության վկայականներ: Մասնակցության համար միջոցառման կազմակերպիչները խրախուսեցին դպրոցահասակ նկարիչներին, մասնակից դպրոցների կազմակերպիչ մանկավարժներին եւ Գեղարքունիքի համակարգող Արմինե Ղուկասյանին:
Նկարների միջոցով մասնակիցները արտահայտել էին իրենց պատկերացումները երեխայի հանդեպ բռնարարքների վերաբերյալ, ինչպես նաեւ վրձնի լեզվով կոչ անել չոտնահարել երեխաների իրավունքները: Մրցույթ-փառատոնի մասնակից երեխաների մեծ մասը ներգրավված են նաեւ կազմակերպության «Երեխան երեխայի համար» եւ «Անվտանգ եմ ես, անվտանգ ես դու» ծրագրերում:
Միջոցառման ավարտին մասնակից բոլոր նկարիչները հյուրերին պատմեցին իրենց նկարների բովանդակության եւ պատկերների տակ թաքնված կոչերի ու խնդիրների մասին:
 Ծրագրի կազմակերպիչները հավաստեցին, որ ծրագիրը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք» միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության համաֆինանսավորմամբ:«ՄՓԵՀԱ» ծրագիրը եռամյա նախաձեռնություն է, որը միտված է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ համայնքային կառույցների գործունեության աջակցմանը` հաստատություններում երեխաների պաշտպանության խնդիրները բացահայտելու, լուծելու եւ կանխելու համար: Ծրագրի շրջանակներում այդ ուղղությամբ կիրականացվեն միջոցառումներ, որոնք կաջակցեն երեխաների պաշտպանության համակարգերին եւ կմշակեն համապատասխան մեխանիզմներ` խնամքի եւ քրեակատարողական հիմնարկություններում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ համայնքային ավելի լայն շրջանակներում երեխաների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Բացի դրանից` տեղական եւ միջազգային լավագույն փորձը, քաղաքականություններն ու օրենքները կուսումնասիրվեն եւ պաշտոնապես կներդրվեն հայաստանյան օրենսդրության մեջ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More