ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 20 января 2012 г.

ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ


Անցած տարում որոշակի եւ շոշափելի աշխատանքներ կատարվեցին Գավառ քաղաքի տնտեսության մի շարք գլխավոր ճյուղերում: Տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրված միջոցներն ու պետական լրավճարները հիմնականում ուղղվեցին քաղաքի ենթակառուցվածքների եւ մարզամշակութային կյանքի  զարգացմանը, քաղաքի սանիտարական մաքրմանն ու բարեկարգմանը, նախադպրոցական հիմնարկների վերակառուցմանն ու գործունեության ապահովմանը, սոցիալապես անապահով ընտանիքների օժանդակությանը: Արձանագրված դրական տեղաշարժերը քաղաքապետարանին հնարավորություն են տալիս՝  ավելի առաջ նայելու, նոր տնտեսական տարում կենսական կարեւոր նշանակության հերթական ծրագրեր իրականացնելու համար: Գավառ քաղաքում նախորդ տնտեսական տարվա գլխավոր ձեռքբերումների եւ այս տարվա առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ու իրականացվող ծրագրերի մասին է պատմում  մեր հարցազրույցը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ:Հարց- Պարոն Մարտիրոսյան, պատմություն դարձավ 2011 թվականը: Ինչո՞վ այն նշանավորվեց Գավառ քաղաքի համար:
 Պատասխան- Ինչպես Գավառի քաղաքապետարանի, այնպես էլ մեր քաղաքի  բնակչության  համար անցած տարին նշանավորվեց մի շարք կարեւոր ձեռնարկներով ու ձեռքբերումներով: Մեր քաղաքի վերակառուցումն ու զարգացումն իրականացվեց ոչ միայն տեղական միջոցների հաշվին, այլ նաեւ ՀՀ կառավարության գործուն օժանդակությամբ ու աջակցությամբ: Քաղաքի համար գլխավոր ձեռքբերումներ եմ համարում Արծվաքար թաղամասում խմելու ջրի հիմնախնդրի վերջնական լուծումը եւ ոռոգման համակարգերի կառուցումը, Գավառի բժշկական կենտրոնի արդիականացումը, հիմնանորոգումն ու վերազինումը, Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի կառուցումը, կոյուղագծերի կառուցումն ու վերակառուցումը, Գավառի կենտրոնական հրապարակի նորացման աշխատանքների մեկնարկը, մշակույթի տան հիմնանորոգումը եւ վերջապես՝ Կարմիրգյուղ-Գավառ-Նորատուս ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդունումը եւ համապատասխան պայմանագրի ստորագրումը: Կարեւորն այն է, որ տարեցտարի փոխվում է մեր քաղաքի տեսքը, մեզ հաջողվում է  ֆինանսական ոչ բավարար պայմաններում միջոցներ գտնել ճանապարհների, ջրատարների, մարզական եւ մշակութային ու նախադպրոցական հաստատությունների շենքերի նորոգման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերափոխման, քաղաքի սանմաքրման, կանաչապատման ու բարեկարգման իրականացման  եւ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ սոցիալական դժվարին վիճակի մեղմման  համար: Տեղական բյուջեի միջոցներով մոտ 175 միլիոն դրամի շրջանակներում իրականացրել ենք 32  ծրագիր եւ միջոցառում, որոնց թվում կարեւորում եմ քաղաքի լուսավորության ցանցի ընդարձակումը Սայադյան եւ Հենրիկ Աբրահամյան փողոցներում, Շահումյան փողոցի մայթերի եզրաքարերի, թիվ 8 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը, խաղահրապարակի եւ Զարգարյան փողոցի հետիոտն անցուղու կառուցումը, ամբարձիչի, բուլդոզերի եւ աղբարկղերի ձեռքբերումը, 206 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հարկային արտոնությունների սահմանումը, սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնության հատկացումը, սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխանցումը, բարեգործական ճաշարանին եւ Հայկական Կարիտասի ծրագրում ընդգրկված միայնակ ծերերին ֆինանսական օգնություն եւ աջակցություն ցուցաբերելը, փողոցների հասցեավորումը եւ բնակարանների համարակալումը: Չեմ ասում, թե մեզ մոտ արդեն ամեն ինչ իդեալական է, սակայն ձեռք բերված հաջողություններ ունենք, որոնք իսկապես ուրախացնող են եւ ոգեւորող:
Հարց- Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք մարզական եւ մշակութային ոլորտներում:
Պատասխան- Գավառի մշակույթի տան հիմնանորոգումը պետբյուջեի միջոցներով արդեն իսկ շոշափելի ձեռքբերում էր: Ավելի վաղ հիմնանորոգված Գավառի արվեստի դպրոցը եւ քաղաքային գրադարանը այսօր արդեն դարձել են ոչ միայն բարետես ու հրապուրիչ, այլ` մշտապես ու ծանրաբեռնված գործող: Ստեղծվել է ՙՆոր Բայազետ՚ երգի-պարի համույթը, կազմակերպվել եւ անցկացվել են ազգագրական երգի եւ երաժշտության մրցանակային հեռուստանախագծեր: Մեր սաներն աչքի են ընկել հանրապետական ու մարզային ամենատարբեր փառատոներում ու մրցույթներում: Քաղաքն ապրում է մշակութային եռուն կյանքով. գործում են երաժշտական  եւ արվեստի մեկական եւ դուդուկի մասնագիտացված նորաբաց դպրոց, մանկապատանեկան ստեղծագործական եւ ուսուցողական կենտրոններ, կերպարվեստի դպրոց, երաժշտական ուսումնարան եւ մշակույթի տուն՝ իր ստեղծագործական տարաբնույթ խմբերով: Վերջին տարիների ընթացքում մենք արել ենք հնարավորը՝ արվեստի ու մշակույթի զարգացման ուղղությամբ բարվոք պայմաններ ապահովելու համար: Եվ համոզված ենք, որ մոտ ապագայում մենք կքաղենք մեր կատարածի պտուղները՝ մշակույթի եւ արվեստի ոլորտում ի հայտ բերելով նոր ու տաղանդավոր անուններ: Գոհունակություն եմ ուզում հայտնել նաեւ մարզական ոլորտի ներկայացուցիչներից՝ մարզիչներից եւ մարզիկներից: Մարզադպրոցի հիմնանորոգված դահլիճում մարզիկների մարզման համար ստեղծված են բոլոր պայմանները: Մարզական տասնմեկ խմբերում ընդգրկված հարյուրավոր պատանիներ ոչ միայն կոփվում են մարմնապես, այլ նաեւ աչքի են ընկնում մարզային եւ հանրապետական մրցաշարերում: Իհարկե, քաղաքապետարանն օժանդակում եւ խրախուսում է մարզական ու մշակութային ոլորտում աչքի ընկած բոլոր շնորհալիներին:
Հարց- Ի՞նչ է լինելու Գավառի կիսակառույց մարզադաշտի հետագա ճակատագիրը: Արդյո՞ք  Գավառը կարիք չունի բացօդյա մարզադաշտի:
Պատասխան- Գավառի կիսակառույց մարզադաշտի հետագա ճակատագիրը տնօրինում է նրա սեփականատերը: Նրա հետագա կառուցման եւ շահագործման համար, անկախ կարգավիճակից, կպահանջվեն վիթխարի միջոցներ: Առաջիկայում մենք խնդրի կարգավորման համար կբանակցենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ սեփականատիրոջ հետ: Իսկ ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ Գավառը պետք է ունենա մարզադաշտ եւ ֆուտբոլի զարգացման համար շատ ավելի նպաստավոր պայմաններ: Այս ուղղությամբ մենք ջանքեր կգործադրենք, միջոցներ կգտնենք:
Հարց-Ի՞նչ կասեք նախադպրոցական կրթության կազմակերպման մասին:
Պատասխան- Ունենք  նախադպրոցական հինգ հաստատություն, որոնք մշտապես գործող են, հիմնանորոգված, կահավորված: Նախադպրոցական կրթության ոլորտում էլ ձեռքբերումներն ապահովվել են վերջին տարիներին: Քաղաքի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ու նրանց կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվածների համար էլ ստեղծված են բոլոր բարվոք պայմանները:
Հարց- Գավառի գլխավոր հիմնախնդիրներից մեկը ճանապարհների հիմնանորոգումն է: Վիճակն անմխիթար է հատկապես քաղաքի ծայրամասերում եւ Արծվաքար ու Հացառատ թաղամասերում: Ի՞նչ է արվել եւ ի՞նչ պիտի արվի այս ուղղությամբ:
Պատասխան- Նախ մենք պետք է բարեկարգենք կենտրոնական փողոցները, թեպետ ծայրամասերն էլ անտեսելու իրավունք չունենք: Պարզապես այս ոլորտում կուտակված եւ հնից եկած խնդիրների բեռը մեզ թույլ չի տալիս հարցին ամբողջությամբ լուծում տալ մոտակա տարիներին կամ կարճ ժամանակի ընթացքում: Վիթխարի ներդրումներ են հարկավոր քաղաքի ճանապարհաշինության մեջ: Ամեն մի չնչին միջոց գտնելու դեպքում անգամ մենք չենք հապաղում եւ գործի ենք անցնում: Տեղական բյուջեի վրա առայժմ նման մեծ բեռ դնել չենք կարող, իսկ պետության եւ այլ դոնորների օժանդակությունը մշտապես ակնկալում ենք: Անցած տարում անգնահատելի աշխատանք կատարվեց Հացառատ թաղամասում՝ Համաշխարհային բանկի միջոցներով այստեղ հիմնանորոգվեց երեքուկես կիլոմետր ճանապարհ, որը ներառված էր Գավառ-Ծաղկաշեն ճանապարհի հիմնանորոգման ծրագրում: Այս գարնանը կմեկնարկեն Կարմիրգյուղ-Գավառ-Նորատուս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք անգնահատելի նշանակություն կունենան հատկապես արծվաքարցիների համար: Մենք այս պահին մտածում ենք Արծվաքարում մեկ այլ փողոց հիմնանորոգելու մասին: Եվ այդ հիմնանորոթաղամասի ողջ երկայնքով գոնե մեկ փողոց բանուկ եւ անցանելի լինի: Մտադիր ենք այս տարվա ընթացքում քաղաքում կառուցված կոյուղագծերի արդյունքում քանդված փողոցների վերականգնման հաշվին Գավառի կենտրոնական հատվածում հիմնանորոգել մեկ փողոց:  Կարեւորն այն է, որ յուրաքանչյուր տարում ունենում ենք հիմնանորոգված ճանապարհներ, որոնք էլ մեզ հնարավորություն են տալիս՝ մտածել ծայրամասերի եւ թաղամասերի քարուքանդ ճանապարհների վերականգնման մասին:
Հարց- Գավառ քաղաքն ունի ընդգրկուն Սփյուռք եւ գործարար աշխարհում հայտնի գավառցիների մեծ ներուժ: Փորձու՞մ  եք նրանց շահագրգռել եւ ընդգրկել Գավառ քաղաքի վերակառուցման եւ զարգացման գործում:
Պատասխան- Այդ ուղղությամբ արդեն առաջին եւ հուսալի քայլերը ձեռնարկված են: Ամենեւին չցանկանալով թերագնահատել ինձ նախորդած քաղաքապետերի գործունեությունը՝ նշեմ, որ հիմա մեր Սփյուռքը լիովին վստահություն է տածում քաղաքի իշխանության նկատմամբ: Եթե մինչեւ 2005 թվականը Գավառում չկար մեկ նորոգված կամ լուսավոր, մաքուր կամ կանաչապատ փողոց, հիմնանորոգված մարզամշակութային եւ նախադպրոցական հաստատություն, ապա այժմ գրեթե բոլոր ուղղություններում դրական տեղաշարժ է դիտվել: Եվ մեր նախկին համաքաղաքացիներն էլ են համոզվել, որ իրենց նվիրած կամ տրամադրած յուրաքանչյուր լուման ներդրվելու է քաղաքի վերաշինման եւ զարգացման գործում: Մենք պատրաստ ենք շահագրգռել նրանց, վերադառնալու եւ իրենց ձեռնարկչատիրությունը այստեղ հիմնադրելու հնարավորություն տալ: Գավառի կենտրոնական հրապարակի վերակառուցման գործում ավելի շատ օգտագործելու ենք մեր նախկին համաքաղաքացիների կողմից խոստացված միջոցները եւ հնարավորությունները եւ բեռը տեղական բյուջեի վրա չենք բարդելու: Աշխատում ենք նաեւ արտաքին տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ՝ համագործակցություն սկսելով ՌԴ Նովոռոսիյսկ եւ Իտալիայի Պրիվերնո քաղաքների հետ: 
Հարց- Գավառի արդյունաբերական մեծ պոտենցիալից ժամանակի ընթացքում ոչինչ չմնաց, եւ փաստորեն տեղում մնացած բնակչության հիմնական զբաղմունքը դարձավ գյուղատնտեսությունը: Զարգացման ի՞նչ հեռանկար ունի այս ոլորտը:
Պատասխան- Գյուղատնտեսությունը մեզանում սկսել է վերելք ապրել, մասնավորապես՝ անասնապահությունը: Այսօրվա շուկայի պահանջարկը մեծ շահագրգռվածություն է առաջացրել մարդկանց մոտ գյուղմթերքների արտադրության գործում: Հատկապես զարգացման հիանալի հեռանկարներ են բացվել ոչխարաբուծության ուղղությամբ: Հավելեմ, որ Գավառ քաղաքի ամենաթանկ բնական ռեսուրսները դրանք մեր արոտներն ու խոտհարքերն են, որոնք անասնապահության զարգացման համար հիանալի նախապայմաններ են ստեղծում: Մենք ունենք անսահմանափակ արոտավայրեր ու խոտհարքեր, որոնց վրա կարող ենք զարգացնել ժամանակակից անասնապահություն եւ ոչ միայն բավարարել ներքին շուկայի պահանջը, այլ նաեւ արտահանել էկոլոգիապես մաքուր եւ արդեն մեծ պահանջարկ ունեցող մեր արտադրանքը: Այնպես որ, ապագան պատկանում է գյուղատնտեսությանը: Իսկ մեզ մնում է աջակցել այս ոլորտում զբաղվածներին, շարունակել արոտների ջրարբիացման եւ  գյուղացիական տնտեսությունների օժանդակության ծրագրերը: Համեմատության համար ասեմ, որ եթե դեռ երկու-երեք տարի առաջ մեր քաղաքացիները քաղաքապետարան էին ներկայացնում հողից հրաժարվելու դիմումներ, ապա այժմ ներկայացնում են արոտների եւ խոտհարքերի վարձակալության կամ օգտագործման թույլտվության մասին դիմումներ: Սա արդեն նշանակում է, որ Գավառի գյուղատնտեսությունը գտնվում է վերելքի ճանապարհին: Գյուղատնտեսության զարգացման արդյունքում քաղաքում կհիմնադրվեն նաեւ գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ, կբացվեն նոր աշխատատեղեր:
Հարց- Իրենից ի՞նչ կներկայացնի Գավառի կենտրոնական նոր հրապարակը:
Պատասխան- Բոլորովին նոր, հետաքրքիր մտահղացումներով, գունավոր լուսային էֆեկտներով, գեղեցիկ շատրվաններով, ճաշակով ու շքեղաշուք ձեւավորումներով, ծաղիկներով ու դեկորատիվ ծառերով պատված հրապարակ ենք ունենալու: Ձեւափոխվում եւ վերակառուցվում է  նաեւ հրապարակի մաս կազմող եւ Գավառ քաղաքի անձնագիրը հաստատող Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի եռալեզու արձանագրությունը կրող հուշարձանը: Շատ շուտով մեր հրապարակը կբերվի նոր տեսքի եւ մեր քաղաքացիներին ու հյուրերին կհիացնի իր ցերեկային ու գիշերային տեսքով:
Հարց- Ինչպե՞ս եք պատկերացնում Գավառ քաղաքը մոտակա ժամանակներում եւ տեսանելի հեռանկարում:
Պատասխան- Արդեն ոչ ոք չի կարող կասկածել, որ Գավառ քաղաքը քայլ առ քայլ դառնում է առողջ ու մաքուր կենցաղավարության քաղաք, բարեկարգ բնակավայր, ժամանակակից ու հրապուրիչ քաղաք: Մենք գիտակցում ենք, որ մեր քաղաքի զարգացման ու վերելքի համար հսկայական անելիքներ դեռ մնում են, սակայն լիահույս ենք, որ մեր բացած ճանապարհը, կատարած ծրագրերը ունենալու են հուսալի շարունակություն: Գավառը պիտի ոչ թե անունով, այլ իր տեսքով վերածվի իսկական, շքեղ ու մարդաշատ մարզկենտրոնի: Գավառը կլինի ու կդառնա այնքան հրապուրիչ, որ իր գիրկը հետ կկանչի օտարության մեկնած իր զավակներին: Որքան էլ սա անհավանական հնչի, հայրենի հողն ու ջուրը նրանց հետ կբերեն, մանավանդ որ հեռացած մեր հայորդիներն իմանան, որ իրենց հայրենի քաղաքն իր հրապույրներով եւ ապրելակերպով չի զիջում ժամանակակից քաղաքների պահանջներին: Ես միշտ եղել եւ մնում եմ լավատես եւ այդ տրամադրությամբ էլ շարունակում եմ իմ հայրենի եզերքի կառուցման ու վերաշինման սուրբ գործը:    

Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More