Մայիսի 13-ին Գավառ քաղաքի պետական թատրոնի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Օրակարգում քննարկվեց 4 հարց`գարնանային զորակոչի հարցը, մարզի համայնքներում տեղական բյուջեների կատարման հարցը, մարզի բնակչության բուժսպասարկման որակի բարձրացման եւ ընտանեկան նպաստների համակարգում փաստագրվելու հարցը, գարնանացանի ընթացքը:
Առաջին հարցի շուրջ զեկուցեց Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանը: Նա նշեց, որ աշնանային զորակոչը մարզում ամբողջությամբ կատարվել է, իսկ գարնանային զորակոչը առայժմ հաջող է ընթանում եւ նախատեսված պլանային առաջադրանքին համապատասխան:
Երկրորդ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Նա նշեց, որ 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 77 տոկոս, որը 12.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Մարզի միջինից բարձր կատարողական ապահովել են 46 համայնքներ, իսկ միջինից առավել ցածր` 17 համայնքներ: Այսօրվա դրությամբ շարունակվել է նախորդ տարիների կուտակված պարտքերի մարումը, ինչի արդյունքում դրանք զրոյացրել են 2 համայնքներ, իսկ մնացած 22 համայնքները մինչեւ տարեվերջ պարտքերը կարող են մարել մոտ 60 տոկոսով:
Երրորդ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Մելքոնյանը: Նա ներկայացրեց ՀՀ պետբյուջեի կողմից մարզի առողջապահական ձեռնարկություններում ներդրված 923 միլիոն դրամի պետպատվերի իրացման պատկերը, համաձայն որի այն որոշ ձեռնարկություններում թերակատարվել է, իսկ ահա ՙԲի-Բի-Ջի՚ բժշկական կենտրոնում պետպատվերով բուժման համավճարները գանձվել են ոչ թե հսկիչ դրամարկղային մեքենայի, այլ` բժիշկների միջոցով: Այս պահի դրությամբ վնասով աշխատող առողջապահական ձեռնարկությունները աստիճանաբար դուրս են գալիս դժվար վիճակից համակարգված աշխատանիքի, միջոցների խնայողության շնորհիվ: Իսկ ընտանեկան նպաստների համակարգում փաստագրման նոր կարգի ներդրման արդյունքում մայիս ամսվա դրությամբ նկատելիորեն մարզում կրճատվել է համակարգից օգտվողների թիվը:
Չորրորդ հարցի` գարնանացանի ընթացքի մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ մարզի տնտեսություններում արդեն կատարվել է մոտ 18 հազար հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի, 7 հազար հեկտար կերային մշակաբույսերի եւ մոտ 4 հազար հեկտար կարտոֆիլի ցանք: Ամբողջությամբ հողին պահ է տվել այս տարվա ընթացքում կառավարության կողմից հատկացված առաջին վերարտադրության եւ էլիտար սերմացուի քանկությունը, ինչպես նաեւ նախորդ աշնանը հատկացված բարձրորակ աշնանացան ցորենի սերմացուն, որով եւ եկող տարում արդեն Գեղարքունիքի մարզը մոտ 70 տոկոսով լուծած կլինի հացահատիկային մշակաբույսերի սերմարտադրության խնդիրը: Զեկուցողն անդրադարձավ նաեւ աղբահեռացման եւ աղբավայրերի շահագործման խնդրին, շեշտելով, որ այս ուղղությամբ համայնքներում իրականացված աշխատանքները գոհացուցիչ չեն, քանի որ հատկապես ճանապարհների եզրերին, դաշտերում, աչքին հեռու կամ մոտիկ վայրերում նկատվում են աղբակույտեր կամ կենցաղային աղբի մնացորդներ ու պոլիէթիլենային տոպրակներ կամ շշեր ու ամաններ: Հայտարարություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի օգնական Վահագն Բազիկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը: Վերջինս համայնքի ղեկավարներին խնդրեց տեղերում իրականացնել գյուղատնտեսության հստակ ու ճշգրիտ հաշվառում եւ տվյալները վիճվարչություն ներկայացնել գարնանացանի ավարտից հետո ու միաժամանակ սկսել հերթական մարդահամարի նախապատրաստական աշխատանքները:
Ամփոփելով հերթական նիստի աշխատանքները` մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ քննարկված խնդիրները պետք է լուծում ստանան կանոնակարգված ու համագործակցված աշխատանքով: Մարզպետն առաջարկեց մեկշաբաթյա ժամկետում համայնքներում, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման եւ պահանջի, համայնքապետարաններում ստեղծել զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հանձնաժողով, որոնք եւ պետք է համագործակցեն տարածքային զինկոմիսարիատների հետ: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց նաեւ հնարավորինս աջակցել գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը: Մարզպետը համայնքի ղեկավարներին առաջարկեց նաեւ հետեւողականորեն եւ համամասնորեն հավաքագրել տեղական բյուջեների սեփական եկամուտները եւ հնարավորինս արագ վերացնել նախորդ տարվա ձեռքբերումների հանդեպ արձանագրված նվազման միտումները: Նա հավելեց նաեւ, որ մարզի միջինից ցածր կատարողական ապահոված համայնքները չեն օգտվի կառավարության եւ այլ դոնորների կողմից իրականացվող զարգացման ծրագրերից, եթե շարունակեն սեփական եկամուտները հավաքագրել 10-20 տոկոսի սահմաններում: Մարզի ղեկավարը ավելի խիստ խոսեց մարզի համայնքներում տիրող սանիտարական մաքրման վիճակի մասին, նշելով, որ ստեղծված իրավիճակը չի խոսում մեր սովորական կենցաղավարության մշակույթի մասին: Նա հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում աղբակույտերից ու աղբերից մաքրել բոլոր տարածքները` գործի դնելով բոլոր միջոցներն ու հնարավորությունները:
Հակառակ դեպքում թերացողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
0 comments:
Отправить комментарий