Հուլիսի 2-ին Արցախի Մարտունու շրջանում առողջապահական ՙԲաց դռների օր՚ կազմակերպեցին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գործող ՙԲԻԲԻՋի՚ բժշկական կենտրոնի բարձր որակավորում ունեցող բժիշկները: Աշխատանքային այցը կատարվեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի նախաձեռնությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզ-ԼՂՀ Մարտունու շրջան առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության հուշագրի շրջանակներում:
Մինչ այժմ, անցած երկուսուկես տարիների ընթացքում, ԼՂՀ Մարտունու շրջանում ՙԲաց դռների օրեր՚ տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպել են Գեղարքունիքի մարզի առողջապահական պետական ձեռնարկությունների նեղ մասնագետ բժիշկները, իսկ այսուհետ նրանց հայրենասիրական եւ հանրօգուտ ձեռնարկին է միանում նաեւ մասնավոր հիմունքներով գործող, արդի չափանիշներին համապատասխան բուժսարքավորումներով հագեցած եւ բարձր որակավորում ունեցող առողջապահական կազմակերպության նեղ մասնագետ բժիշկների խումբը:
Մինչ այժմ, անցած երկուսուկես տարիների ընթացքում, ԼՂՀ Մարտունու շրջանում ՙԲաց դռների օրեր՚ տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպել են Գեղարքունիքի մարզի առողջապահական պետական ձեռնարկությունների նեղ մասնագետ բժիշկները, իսկ այսուհետ նրանց հայրենասիրական եւ հանրօգուտ ձեռնարկին է միանում նաեւ մասնավոր հիմունքներով գործող, արդի չափանիշներին համապատասխան բուժսարքավորումներով հագեցած եւ բարձր որակավորում ունեցող առողջապահական կազմակերպության նեղ մասնագետ բժիշկների խումբը:
Մոտ երկու տարվա կենսագրություն ունեցող ՙԲԻԲԻՋԻ՚ բժշկական կենտրոնն այս քայլով եւս մեկ անգամ հաստատեց, որ ինքը ոչ միայն պատրաստ է համագործակցել Գեղարքունիքի մարզպետարանի հետ, այլ նաեւ արձագանքել պետական ու հանրային կարեւոր ձեռնարկներին, ուրույն տեղ գրավել մարզի առողջապահական հաստատությունների կողքին, ծավալել առողջ մրցակցություն եւ համագործակցություն Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, ՙԲԻԲԻՋԻ՚-ի տնօրինության եւ ԼՂՀ Մարտունու շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գրիգոր Գասպարյանի միջեւ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների ընդունելությունը հուլիսի երկուսի վաղ առավոտվանից կազմակերպվեց ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բուժամբուլատորիայում: Նշենք, որ Կարմիր Շուկայի բուժամբուլատորիան սպասարկում է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Թաղավարդ-Կալեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Շեխեր, Հերհեր, Խերխան, Ծովատեղ եւ Ջիվանի գյուղերի բնակիչներին, որոնց ներկայացուցիչներն այդ օրը հնարավորություն ունեցան անվճար բուժհետազոտություն եւ բուժօգնություն ստանալու: Առողջական խնդիրներ ունեցող արցախցիներին ընդունեցին վիրաբույժ, ՙԲԻԲԻՋԻ՚ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռուբեն Սիմոնյանը, գինեկոլոգ Արմեն Ենդինյանը, ուռուցքաբան Վարդուհի Մալխասյանը, թերապեւտ եւ սոնոգրաֆիստ Նունե Խլոյանը, նյարդաբան Լինա Զուբալովան, գաստրոէնտերոլոգ Միքայել Դավթյանը, ակնաբույժ Շուշիկ Հակոբյանը, բուժքույր Մարգարիտա Թովմասյանը: Նրանց կողքին մինչեւ վերջ աշխատեցին Կարմի Շուկայի բուժամբուլատորիայի տնօրեն, բժիշկ Կարեն Ադամյանը, մանկաբարձ Շարմաղ եւ Դոնարա Քոչարյանները, բուժքույրեր Նադյա Պողոսյանը, Էլադա Սարգսյանը, Արշալույս Մկրտչյանը, Երազիկ եւ Ջուլիետա Շահրամանյանները, սանիտարուհի Ռայա Ավագյանը: ՙԲաց դռների օրվա՚ աշխատանքները ղեկավարում էին ՙԲԻԲԻՋԻ՚-ի տնօրեն Լեւոն Սիմոնյանը եւ ԼՂՀ Մարտունու շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վիրաբույժ Գրիգոր Գասպարյանը: Վերջինս նաեւ հասցրեց անձամբ ընդունել եւ քննել ավելի քան երեք տասնյակ հիվանդների, որոնց, բնական է, իր աշխատած երկար տարիների ընթացքում նա մեկառմեկ ճանաչել է, բուժել, օգնության ձեռք մեկնել: Այդ օրն էլ նա ամենայն հոգատարությամբ ընդունում ու ճանապարհում էր մարդկանց` համապատասխան բուժումներ նշանակելով: Առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հերթերն առավել ընդգկուն էին թերապեւտ-սոնոգրաֆիստի, նյարդաբանի եւ գինեկոլոգի աշխատասենյակների դռների մոտ: Ամփոփելով ՙԲաց դռների օրվա՚ արդյունքները` ՙԲԻԲԻՋԻ՚-ի գլխավոր բժիշկ Ռուբեն Սիմոնյանը ՙԳեղամա աշխարհին՚ տված հարցազրույցում նշեց, որ Գեղարքունիքի մարզի եւ տեղի բժիշկներն աշխատանքային օրվա ավարտին հասցրել են ընդունել 210 հիվանդների, մինչեւ վերջին դիմած քաղաքացուն ցուցաբերել համապատասխան օգնություն: Առավել ծանր դեպքերով հիվանդները բուժման են ուղեգրվել ԼՂՀ Մարտունու եւ Ստեփանակերտի հիվանդանոցներ: Մի խումբ հիվանդներ իրենց իսկ ցանկության դեպքում կարող են դիմել Գեղարքունիքի մարզպետին եւ ՙԲԻԲԻՋԻ՚-ում բուժում ստանալ պետպատվերի շրջանակներում: Արցախում ՙԲաց դռների օրվա՚ կազմակերպումը նախաձեռնելու համար շնորհակալություն հայտնելով Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին` ՙԲԻԲԻՋԻ՚-ի տնօրեն Լեւոն Սիմոնյանը նշեց, որ ճանապարհի հեռավորությունը, հանգստյան օրերի կորուստը հոգնածություն չեն պատճառել տնօրինությանն ու բուժանձնակազմին, հակառակը, բոլորն էլ տուն են վերադառնում հոգեկան անչափելի բավարարվածությամբ, որ կարողացել են կարեկցության եւ օգնության ձեռք մեկնել պատերազմի սարսափներն ապրած եւ այժմ էլ դիմակայության առաջին գծում կանգնած մեր զինվորների անմիջական թիկունքում ապրող մարդկանց: Եվ իրենց կողմից նման այցերը կլինեն շարունակական ու հաճախակի: Շնորհակալություն հայտնելով Գեղարքունիքի մարզպետին ու ՙԲԻԲԻՋԻ՚-ի տնօրինությանն ու բուժանձնակազմին` Մարտունու շրջանի գլխավոր բժիշկ Գրիգոր Գասպարյանը նշեց, որ նման աշխատանքային եւ մասնագիտական այցերը թեթեւացնում են ոչ միայն տեղի սակավաթիվ բժիշկների հոգսերը, այլ նաեւ առանձնակի հույս ու հավատ են ներշնչում մարդկանց, ավելի ամրապնդում հայ ժողովրդի երկու հատվածների բարեկամությունը, մեր միասնության գաղափարը դարձնում ավելի իրական, ավելի կենսունակ եւ անքակտելի:
Խոսրով Խլղաթյան
Կարմիր Շուկա-Գավառ
0 comments:
Отправить комментарий