ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 29 декабря 2011 г.

ՀՆԻ ԵՎ ՆՈՐԻ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ


  Ամեն եկող տարին իր հետ բերում է նոր սպասումներ ու ակնկալիքներ, ոգեւորում երիտասարդներին ու մանուկներին, իսկ տարեցներին տխրեցնում`ստիպելով ի մի բերել, ամփոփել անցած տարիները, վերապրել լավ ու վատ օրերը, վերանայել իրենց կյանքի արշալույսները:
 Գավառի բնակչուհի Աստղիկ Ղարիբյանը 2012 թվականին կբոլորի իր կյանքի 100 տարին... մեկդարյա կենսագրություն:
  Չնայած տարիքին ու արդեն խամրող հիշողությանը, այնուամենայնիվ, Աստղիկ տատը կարողացավ վեր հանել իր մանկության ամանորի հուշերն ու կիսվել մեր հետ: 
՚Մեր ժամանակ այսքան ճոխություն չկար: Նոր տարվա առավոտը բնակիչները գնում էին եկեղեցի, մոմ վառում, աղոթում: Մայրիկներն աղանձ էին անում, մեծ կլոճ էին թխում ու դնում քուրսու սեղանին: Մեր ուրախությունն էլ աղանձն էր: Տղաները տոպրակ էին կախում հարեւանների երդիկներից ներս` կանչելով ՙԽըդըր նաբի, ով որ տա խաթուն ա, ով չտա, կատուն ա՚:  Հարեւաններն էլ տոպրակների մեջ ընկույզ  էին դնում, նողուլ, նույնիսկ հավի ձու: 50 թվից հետո փոխվեց նոր տարին նշելու կարգուկանոնը: Կոմունիստները շենացրին  երկիրը, ամեն ինչը բոլ-բոլ էր: Սեղանները դնում էինք, ու այն  մնում էր փռած մինչեւ հունվարի 10-ը՚,-հիշում է Աստղիկ տատը:
 83-ամյա Էմմա տատը ամանորի տոների հետ կապված հիշում է, որ մանկապարտեզում իրենց տոպրակների էին նվիրում: Տոպրակների մեջ ընկույզ կար, փշատ եւ նողուլ: ՙՄենք էլ շատ էինք ուրախանում, բերում էինք տուն՚,- նշում է նա:
 Էմմա տատիկը նաեւ հիշում է, որ դպրոցներում էլ էին տոպրակներ նվիրում, որոնք պարունակում էին կոնֆետ, փշատ, չրեր: Սեղան դնելու սովորույթ չկար, հիմնականում աղանձ էին անում, դնում սեղանին, նաեւ չրեր ու միրգ էին հյուրասիրում:
76-ամյա Անիկ տատը ամեն ամանորի գալուն պես հիշում է իրենց մանկության դժվար օրերն ու համեմատում մերօրյա տոների հետ: ՚Հայրս շուտ էր մահացել, եւ քույրերիս ուրախացնելու համար հորեղբորս տղայի հետ գնացի Ժակի բուլվարից եղեւնի բերելու: Մութ էր ու ձյուն: Ընտրեցի մի փոքր եղեւնի, ու հենց ուզում էինք ես ու Վանիկը դուրս գալ, պահակը մեզ նկատեց:  Փախանք: Ես ոտքս խփեցի շատրվանի եզրին ու ընկա, քիթս կոտրվեց: Որոշ ժամանակ մնացի ընկած, հետո վեր կացա ու տուն բերեցի եղեւնին: Եղեւնիները զարդարում էինք բամբակով, մրգերով, թղթե աստղեր ու փաթիլներ էինք սարքում, կախում եղեւնու ճյուղերից: Կարտոֆիլի կեղեւն այնպես էին մաքրում, որ չկտրվեր ու պարույրի նման փաթաթում էինք ճյուղերին՚:
 Ահա մի քանի հուշերի պատառիկներ մեկ դար ու կես դար առաջվա ամանորի տոնակատարության սովորույթների ու արարողությունների վերաբերյալ:
 Այսօր դժվար թե փոքրահասակ երեխան ուրախանա միայն կոնֆետներով ու ընկույզով լի տոպրակով, փոխվել են սովորույթները, հնարավորությունները, մարդիկ, ու նաեւ` տոնի ընկալման խորհուրդը:
 Մեր օրերում հասարակությունը տոնին պատրաստվում է շուքով, որն էլ ուղեկցվում է տեղի ու անտեղի հսկայական ծախսերով: Մարդիկ գնում են ճոխությունների`անկախ հնարավորություններից: 
Ու եթե ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում ամանորին բնակարանի մի անկյունում գուլպաներ են կախում` նվերների ակնկալիքով, հայերը գուլպաներով նվերներ ստանալու սովորույթն ունեցել են շուրջ մեկ դար առաջ:
 Իր հետ բերելով մի շարք կենցաղային ու ֆինանսական հարցեր ու պատրաստություններ`ամանորը կարեւորվում է նաեւ կյանքը իմաստավորելու, անցած տարին ամփոփելու խորհրդով, այն դառնում է վերջակետն անցնող տարվա եւ մեկնարկը` նոր եկող տարվա համար, մեկնարկ` հույսերով, ակնկալիքներով, անելիքներով ու բարի նպատակներով:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More