Ոչինչ չէր կարող այդքան սպասված եւ ուրախացնող լինել Խլղաթյանների ընտանիքում, որքան Հայոց բանակի 28920 զորամասի հրամանատարության շնորհակալական նամակը:
Մեսրոպ Խլղաթյանը ծառայում է Հայոց բանակում 2010 թվականի հունիսից: Նա կարճ ժամանակում հարմարվեց բանակային կարգուկանոնին, արժանացավ հրամանատարության վստահությանն ու բարձր գնահատականին: Հիմա Մեսրոպը ծառայում է կրտսեր սերժանտի կոչումով եւ ջոկի հրամանատարի պաշտոնով:
Մեսրոպը լույս աշխարհ է եկել 1992 թվականի մայիսի 18-ին, հենց այն օրը, երբ հայկական ուժերը գրավեցին Լաչինի միջանցքը եւ իրար կապեցին արհեստականորեն բաժաբված Արցախն ու Հայաստանը:
Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստագիտության բաժնում: Երկու տարի սովորելուց հետո մեկնեց հայոց բանակ:
Խոսրով եւ Ալինա Խլղաթյաններին ուղարկված շնորհակալական նամակում գրված է. ՙՀարգելի Խլղաթյաններ, Մեր զորամասի լավագույն մարտիկների շարքում ծառայում է Ձեր որդի Մեսրոպը, ով կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ եւ կարգապահ մարտիկ:
Մեսրոպ Խլղաթյանը բարեխղճորեն կատարում է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Իր զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար:
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Ձեր որդուն որպես հայրենիքի պաշտպան դաստիարակելու համար: Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն եւ ամենայն հաջողություններ:
Հարգանքներով` 28920 Զորամասի հրամանատար Կ. Քոչունց, զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ Հ. Ավետյան՚:
Բոլորովին նոր միջավայր է բանակը, եւ այդ միջավայրին արագ հարմարվում ու օրինակելի զինվոր է դառնում նա, ով դրա համար ունի դաստիարակության հիմնավոր ճանապարհ: Իսկ սերն ու նվիրական ըմբռնումը հայրենիքի հանդեպ Մեսրոպի մեջ ծնվել է դեռ մանկուց:
Մի հին եւ իմաստուն խոսք ասում է.ՙԴու շատ լավ մարդ ես, բայց դա քո շնորհքը չի, քո ծնողների շնորհքն է՚:
Մեսրոպը այս մեկուկես տարում հասցրեց ապացուցել, որ ինքն իր ծնողների անարատ, խնամած ու փայփայած, հայրենանվեր որդին է: Նա կարողացավ վերադարձնել իր ծնողների ցանած սերմերի պտուղները:
Հաճախակի առնչվելով օրինակելի զինվորի ծնողների հետ` կարող եմ վկայել, թե ինչպիսի սրտի թրթիռով են Մեսրոպի ծնողները հպարտանում որդու հաջողություններով ու կարճ ժամանակում Հայոց բանակում ստեղծած օրինապահ ու օրինակելի կերպարով:
-Այնքան է սազում Մեսրոպիս իր զինվորական համազգեստը, այնքան վեհ է դառնում նա այդ զգեստի մեջ, առնական, կոկիկ: Իսկ երբ նա քայլում էր Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթի ժամանակ, ինձ թվում էր, թե ես ամենահպարտ, վաստակած մայրն եմ աշխարհում: Այո, նա շատ լավ գիտակցում ու գնահատում է հայրենիքի արժեքն ու իր դերը Հայաստանի պաշտպանության գործում,- հուզված ու հպարտ պատմում էր Մեսրոպի մայրը:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий