ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 3 февраля 2012 г.

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԽՐԱՆՔՆ ՈՒ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆԸ



/Էսսե/
 Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի կողմից` ի դեմս դրա առաջին նախաձեռնող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, անշուշտ, քաղաքական խոր ենթատեքստ ունեցող, եւ արտաքին, եւ ներքին շահադիտական նկրտումներ հետապնդող քայլ է եւ, այնուամենայնիվ, մի շահ, որ համընկնում է հայոց արդար ձգտումների հետ: Եթե պատմության մեջ էքսկուրս կատարենք` սա համեմատելի է 18-րդ դարավերջի այն իրադրությունը, երբ հայերը համոզում էին Պետերբուրգին` թուրքերի ու պարսիկների ձեռքից ազատել Հայաստանը, ինչը կոնկրետ պահին համընկնում էր Ռուսաստանի` դեպի հարավ առաջխաղացման նպատակներին կամ այսպես ասած`ՙմիջագետքյան՚ շահերին…
 Անշուշտ, տարածքային որեւէ խնդրի հետամուտ չէ Ֆրանսիան առկա քայլով, հետեւաբար, թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ ինչքան էլ որ օրինագիծը քաղաքակրթության, խղճմտանքի, հանցագործության դատապարտման ու կանխարգելման դրոշակակրի հեղինակավոր դերն է խոստանում, իր ներքին բովանդակության մեջ այն ազդարարում  է նախագահ Սարկոզիի անուրանալի սխրանքը եւ երիցս հավաստում Ֆրանսիայի վսեմությունը…
 Բոնապարտն իր կենսակերպով, անձնական վարքագծով ու շուքուփայլով ողջ աշխարհին ապացուցեց, որ վսեմությունը նախ եւ առաջ համարձակություն է… Նապոլեոնյան այդ խարիզմատիկան ընդմիշտ խարսխված է Ֆրանսիայի հոգեբանության ականակիտ ջրերում…
  Բայց ահա այդ համարձակությունից զուրկ էին ԱՄՆ-ի վերջին երկու նախագահները. նրանք նախընտրեցին ստահակության հասնող գիտակցված սուտն ու խաբկանքը` ի տարբերություն Վուդրո Վիլսոնի, որը նույնպես նախագահ է եղել, բայց 100 տարի առաջ…
  Բայց ինչների՞ս է պետք ինչ-որ Նահանգների կարծիքը մեր ցավի մասին: Մի՞թե դեռ ճշտելու բան ունենք: Մի՞թե ինչ-որ մեկի զորեղ կնիքն է պետք` հաստատելու կատարվածը: Ո՜չ: Եղելությունը չեն հաստատում: Դա այնքա~ն զավեշտալի է, լացելու չափ անօգուտ…
Եղելությունը հրովարտակում են, եթե բարի է, օրինակելի ու դաստիարակիչ, եւ քրեականացնում, եթե չար է, հակամարդկային ու հակաբնական…
 Եվ ի պատասխան իր կատարածի սոսկ հիշեցման` Թուրքիայի այսօրվա կիսաանասնային հիստերիան, որ Ֆրանսիայի ու նրա նախագահի հանդեպ թուրք մանկանը վայել վուլգարիզմի հասնող հակաքայլեր է դրսեւորում, կրկին անգամ համոզում է ի տես աշխարհի թուրք ցեղի ամբողջ սնանկությունը ու ոչնչությունը… Թուրքիայի պնդաճակատությունը վայել է հենց միայն Թուրքիային ու թուրք ցեղին: Աբդուլ Համիդից ու երիտթուրք պարագլուխներից հայակերություն եւ մարդասպանի գեներ ժառանգած պետությունը որտեղի՞ց հասկանա, որ ՙՀայերի դատը մարդկության դատն է՚ /Անատոլ Ֆրանս/: Ուրիշ ով, եթե ոչ ամենայն հայոց հանճարը պիտի տար այն դիպուկ բնութագրումը մի ցեղի, որտեղ հեգնանքն ու ապտակը, ճիշտն ու մերկ իրականությունը համադրվել են մեկ քառյակում.
 Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան:
 Թուրքիայի սպառնալիքների ճղճիմությունը, հակաքայլերի անորոշությունը, անզորությունն ու խեղդված աղաղակը արդեն իսկ պարտություն է:
 Թուրքիայի անվերահսկելիությունը քրդերի վրա արդեն իսկ պարտություն է:
 Ադրբեջանի դրոշը Ֆրանսիայի Սենատի առջեւ բարձրացնելը ի ցույց բողոքի-արդեն իսկ պարտություն է:
 Թուրքիայի քստմնելի ճիչը ու ճղճղան կնոջ ձայնը Եվրոպային լսելի լինելու, հասու դառնալու դեպի քաղաքակիրթ միություն եւ ապտակի պես մերժումն ու անլսելի ոռնոցը պարտության պարտություն է:
Եվ կեցցե~ Ֆրանսիան…
Կեցցե~ Սարկոզին…
Կեցցե~ Ֆրանսիայի օրենսդիրը, որ ճանաչեց մարդկության դեմ կատարված մեծագույն ոճրագործությունը եւ, արդ, քրեականացրեց դրա ժխտումը:
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք` հայերս: Պետք է արդարադատության համար շնորհակալությու՞ն հայտնել`կհայտնենք: Բայց կարեւորը չխաբվելն է: Կարեւորը հիշելն է: Եվ հիշելով իսկ` գործելը: Հիշել պատմությունը, դիվանագիտական պարտությունները, կորսված հայրենիքի տեսլականը, ավելի շուտ առաջ նայել, քան` ետ, քայլել գիտակցված այն ըմբռնումով, որ 20-րդ դարասկիզբը մերը չեղավ, բայց մերն է լինելու 21-րդ դարասկիզբը, որ մեր հայրենիքը, մեր հաղթանակը, մեր ապագան ու բախտը մենք ենք կռելու`մեր հողի վրա ապրելով, այլ ոչ` լքելով, մենք ենք պահանջատերը, քանզի մենք ենք մեր ցավի տերը, մեր խաչի, այլ ոչ` օտարը…
  Եվ հիշել սեւակյան  քանքարին վայել խորհուրդն ու կռահումը, որ հնչում է պատարագի պես ու վերաիմաստավորվում այս պատմական օրերին.      
Մեր... հայրենի~քը մեզնից դատարկվեց:
Բայց... ոչ մի վայրկյան, ո՜չ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից:
Մենք սպանվեցինք մեր հայրենիքում,
բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե~ց,
Ո’չ, ապրում է նա կրկնակի~ կյանքով…
Ատոմ Հակոբյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More