ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 15 февраля 2012 г.

ՈՒՐ ՄՆԱՑ, ՈՒՄ ՄՆԱՑ ԻՄ ՏՈՒՆԸ


Գավառ քաղաքում մի բնակելի շենք կա, որին քաղաքի բնակիչներն անվանում են ՙԳաղթականների շենք՚: Այս շենքի ամեն մի օջախում կան արցունքի չորացած հետքեր, վախից խաթարված հոգիներ, առողջությունը կորցրած մարդիկ: Մեզանից քչերի մտքով է անցել` բախել մեր կողքին ապրող, բախտի ու ՙբերանն արնոտ մարդակեր գազանի՚ վայրագություններից հալածված հայի դուռը, թերթել նրա կյանքի հուշերն ու տեսնել, թե ինչու է նրա սարսափ ապրած աչքերի անկյունում կախվել արտասուքի դառը կաթիլը, եւ հասկանալ, թե հուշերի ինչ ճամփաներով  է քայլում նրա թափառ հոգին:    
Պատմությունը սերունդներին ճշգրտորեն փոխանցելու, մեր թշնամու գործած ոճիրները ի ցույց հանելու նպատակով  ՙԳեղամա աշխարհը՚ քանիցս անդրադարձել է սարսափի վերհուշերին` հիմնվելով ականատեսների վկայությունների վրա:   
 Բաքվի ջարդերի սարսափն ապրածներից մեկը` Հրանտ Աբրահամյանը, ծնվել է 1933 թվականին, Ղարաբաղի Հարար գյուղում: Հայրը մասնակցել է  Հայրենական մեծ պատերազմին եւ 1943 թվականին, Լենինգրադում հայտնվելով բլոկադայի մեջ, զոհվել: Հարարում Հրանտն ապրել է մինչեւ 15 տարեկանը, որից հետո Հրանտի մայրն իր զավակների հետ գաղթել է Բաքու:  Այդ պատճառով Հրանտն իրեն համարում է կրկնակի գաղթական: Նա նաեւ հիշում է, որ իր պապը զոհվել է 1918 թվականի հայ-թուրքական բախումների ընթացքում:
 -Մեր ընտանիքի պատմությունը հայ ժողովրդի պատմության պես կրկնվում է, - արձանագրում է Հրանտը,- ես եւ իմ ընտանիքը 1988-1990 թվականներին, ինչպես եւ իմ պապը եւ իր ընտանիքը 1918-20 թվականներին հայտնվել ենք արյունարբու թշնամու ճիրաններում: 
 Բաքվում Հրանտը սովորել եւ ավարտել է ծովագնացության դպրոց` ստանալով նավաստու որակավորում: Այնուհետեւ ծառայել է ԽՍՀՄ բանակում` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:   Բաքվում Հրանտն ամուսնացել է Ժաննայի հետ ում ծնողները Բաքու են եկել Պարսկաստանից: Եվ ահա ղարաբաղցի Հրանտն ու պարսկահայ Ժաննան ընտանիք են կազմում Բաքվում` երազելով երջանիկ ընտանիքի, խաղաղ երկնքի ու ամուր պատերով օջախ ունենալու  մասին: Աբրահամյանները ծնում են երկու որդի` Նելսոնին ու Ալբերտին: Տղաներին բարձրագույն կրթության են տալիս: 
 Միասին ջանք ու քրտինքով տուն են դնում` դողալով ամեն մի մանրուքի, ամեն մի իրի ստեղծման վրա: Ինչ իմանային նրանք, որ իրենց հալալ քրտինքով կառուցված բույնն ու տունը կմնա ավարառու ոհմակներին, եւ այնտեղ ելումուտ կանեն ադրբեջանցիները:
 Հրանտ Աբրահամյանն ունի հարուստ աշխատանքային փորձ: Որպես որակյալ կռունկավար՝ նա երկար տարիներ աշխատել է Սախալինում, Կանադայում, Վիետնամում եւ Սինգապուրում: Սինգապուրից 1986 թվականին վերադարձել է Բաքու եւ աշխատանքի ընդունվել Բաքվի ՙՆեֆտյաննիյե կամնի՚ ադրբեջանական խոշոր նավթարդյունաբերող ընկերությունում` որպես ավագ կռունկավար: 
 -Ընկերությունում մեծ մասը ադրբեջանցիներ էին աշխատում եւ մի քանի ռուս,- վերհիշում է Հրանտը: Մինչեւ Արցախի դեպքերի հետ կապված իրադարձությունները, ինչպես ադրբեջանցի հարեւաններիս, այնպես էլ գործընկերներիս հետ ունեցել եմ մտերիմ հարաբերություններ: Բոլորն ինձ հարգել են, հետս մտերմություն արել: Սակայն Արցախյան դեպքերից հետո նրանք միանգամից սկսեցին թշնամանալ, սպառնալից տոնով խոսել հայերիս հետ: Հիշում եմ՝ մի վատ օր ընկերս եկավ ու հայտնեց, թե՝ դրությունը շատ լարված է, արի քեզ աշխատանքից տուն տանեմ:  Հաջորդ օրը աշխատավայրում հայ-ադրբեջանական բախումներն էին հեռուստացույցով ցույց տալիս, ադրբեջանցիները նայում եւ հրճվում էին: Նրանցից մեկը հայտարարեց. ՙՍա դեռ սկիզբն է, դեռ ինչեր են լինելու՚: Իսկ էկրանին դաժան իրականությունն էր հեռարձակվում` ադրբեջանցիները մետաղյա լինգերով փշրում էին, հետո շուռ տալիս հայերի  մեքենաները եւ այրում:
Ես սկսեցի վախենալ եւ մտածել ընտանիքիս անվտանգության համար:  Իմ ղեկավարներից օգնություն խնդրեցի: Իմ տուն նրանք  ուղարկեցին ռուս զինվորների: Մթնոլորտը լարված էր, ընտանիքս տանից դուրս չէր գալիս, միայն ես էի գնում աշխատանքի, գալիս: Ինձ էլ, որպես բացառիկ մասնագետի, մեքենայով ուղեկցում էին` հոգալով իմ անվտանգությունը: 
 Այդ ժամանակահատվածում ՙՆեֆտյաննիե կամնի՚ ընկերությունը Ադրբեջան-Թուրքմենիա նավթատարի գծերն էր գցում, եւ ինձ չթույլատրեցին դուրս գալ աշխատանքից, քանի որ ինձ փոխարինող մասնագետ չկար: 
 Ավագ որդիս իր ընտանիքով առանձին էր ապրում: Այդ տարածքում որդուս հարեւանները միայն հայերն էին: Նոյեմբերի սկզբներին գալիս էի որդուս  տուն, երբ ականատես եղա հայերի եւ ադրբեջանցիների բախումներին:  Մի ադրբեջանցի երկաթով հարվածել էր հայ տղամարդու, հարվածից հայի աչքերը դուրս էին ընկել, մի ուրիշ հայ մկրատով հանել էր բարբարոս ադրբեջանցու աչքերը եւ սպառնում էր փորը թափել մկրատով, եթե նրանք չհեռանային: Որդիս տաքարյուն էր, անվախ: Բայց ես վախեցա նրա համար, որ կմասնակցեր վիճաբանություններին եւ անմիջապես այդ պահից մտածեցի ընտանիքս Հայաստան ճանապարհելու մասին: 
 Օրեցօր սաստկանում էին ադրբեջանցիների բռնարարքները© նրանք հայերի վրա այրվող գազի տակառներ էին նետում, շուռ էին տալիս Բաքվից փախչող ուղեւորներով ու ծանր բարձված հայերի մեքենաները, որոնք պայթում էին բենզինի բռնկումից: Խուժանն ամեն օր մարդասպանության մի ձեւ ու եղանակ էր հորինում եւ իրագործում:      
  Մի անգամ տոմսի վաճառակետում ականատես եղա ծեծկռտուքի: Ադրբեջանցի տղամարդը դաժանորեն ծեծում էր տոմսարկղի մոտ կանգնած մի հայ կնոջ: Ես տոմս գնեցի ու այդ կնոջը ճանապարհեցի Թուրքմենիայի Կրասնովոդսկ նավահանգիստ, որտեղից նա պիտի գաղթեր Հայաստան: 
 1988 թվականի դեմտեմբերի 6-ին ընտանիքիս եւ կնոջս հարազատներին ռուս զինվորների ուղեկցությամբ հասցրեցի օդանավակայան եւ ուղարկեցի Հայաստան: Ահուսարսափը չէր հեռանում ինձանից. միայն անվտանգ հասնեին Հայաստան, ճանապարհին չհանդիպեինք բարբարոսներին, որոնց գրոհներն անհետեւանք չէին մնում: Մենք երջանիկ եղանք այնքանով, որ ընտանիքիս անդամներին կարողացա մազապուրծ դուրս բերել արյունոտ բախումների որջից:
 Ես մնացի Բաքվում: Հետեւում էի իմ, որդուս եւ կնոջս հայրական տներին: Մորս էլ ուղարկեցի Հայաստան, բայց նա գնաց Արցախ` բնակվելով Ստեփանակերտի մեր բարեկամների մոտ:  Ես օգնություն խնդրեցի Մոսկվայի իմ հայ ծանոթ պաշտոնյաներից եւ նրանք ինձ բեռնատար տրամադրեցին: Հավաքեցի մեր տան բոլոր իրերն ու ընտանիքիս հետեւից ուղարկեցի Հայաստան: Սակայն նույնիսկ այդ ժամանակ, երբ տանս միայն ես էի ապրում, այնուհանդերձ, չէին դադարում ադրբեջանցիների սպառնալիքները.  օտար տղամարդիկ զանգում էին մեր բնակարան, սուլում, փչում էին լսափողի մեջ, երբեմն էլ սպառնում.
-Դու դեռ ո՞ղջ ես, դու դեռ չե՞ս փախել մեր երկրից:
Հրանտ Աբրահամյանը Բաքվում ապրել է մինչեւ 1989 թվականի սեպտեմբերը: 
-Հիմնարկում ինձ չէին թույլատրում դուրս գալ քաղաքից, պահում էին, որ գոնե սովորեցնեմ իմ մասնագիտությունը աշխատակիցներին: Վերջապես ղեկավարներս թույլատրեցին դուրս գալ աշխատանքից, սակայն ինձ չտվեցին իմ աշխատանքային փաստաթղթերը:  Ես 50 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, բայց ապացուցող փաստաթղթեր չունեմ, որ գոնե ապահովեմ այսօր ինձ հասանելիք բարձր թոշակս: 
 Փակեցի իմ բնակարանի, որդուս եւ կնոջս հայրական տան դռները, բանալիները դրեցի գրպանս, մեկ անգամ էլ դառը հայացքով հրաժեշտ տվեցի ու հեռացա… Այդ ընթացքում ձգտում էի այդ բնակարանները վաճառելու ելք գտնել, սակայն ադրբեջանցիները դրանց համար գրոշ իսկ տալու միտք չունեին, քանի որ արդեն դրանք համարում էին իրենց գտած սեփականությունը: Դեպքեր են եղել նաեւ, երբ ադրբեջանցիներն իրենց ծանոթ-մտերիմ հայերից շահավետ գնով բնակարան են գնել, սակայն կես ճանապարհին կամ կայարաններում դարանել ու խլել են փողերն այլ խմբերի միջոցով: Այդ օրվանից այլեւս չեմ եղել Բաքվում, չգիտեմ՝ հողի՞ն է հավասարվել տունս, թե՞ իմ հայրենակիցների արյունը խմած մեկն է ապրում դառը քրտինքով, տառապանքով ու սիրով շարված իմ օջախի պատերի ներսում: Ընտանիքս Հայաստան գալու օրվանից՝ 1988 թվականի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2001 թվականը, բնակվել է Գավառ քաղաքի օժանդակ դպրոցի շենքի մի հատվածում: 2001 թվականին ստացանք այս բնակարանը եւ տեղափոխվեցինք այստեղ: 
 Հրանտ Աբրահամյանի որդիներից մեկն իր ընտանիքներով բնակվում է Ամերիկայում, մյուսը` Ուկրաինայում:  Երեւի Հրանտի թոռներն ու որդիներն էլ են իրենց անվանում գաղթականներ, այս անգամ ոչ թե կրկնակի, այլ` եռակի:    
  Երբ Հրանտի տիկնոջը` Ժաննային, խնդրեցինք մեզ հետ կիսել իր արյունոտ ու արցունքոտ հուշերը, նա հրաժարվեց` ասելով, որ տառապանքից սրտի հիվանդություն է ձեռք բերել եւ չի ցանկանում արթնացնել իր մեջ լռած խուլ ցավի ճիչերը: 
 Հիսուն տարի առաջ, երբ Ժաննան ու Հրանտը օրհնում էին իրենց ամուսնությունը, երազում էին միայն ընտանիքի ու ընտանեկան ջերմության մասին: Սակայն այդ  ընտանիքը դաժան ձեռքերով ու չար կամքով ցրիվ եկավ աշխարհեաշխարհ ամպի ծվենի պես, ու որդիներով ու թոռներով սեղան նստելու երջանիկ ակնթարթները երազանք էլ մնացին՝ կեղեքելով ծերացած ամուսինների կարոտակեզ հոգիները:  
 Երբ կյանքի դառնություններ ու տառապանք, կորուստ ու կոտորած, բարեկամ ու դահիճ տեսած Հրանտ Աբրահամյանին հարցնում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, նա ծանր հոգոցով պատասխանում է, որ երկու ազգերի միջեւ բացված այդ խորը ակոսը երբեք կամ երկար ժամանակով չի հարթվի:
 Բայց երանություն է այն, որ կա տունուտեղ կորցրած հային իր թեւերի տակ առած Հայաստանը՝ հայրենիքի ու պաշտպանի մեծ իրավունքով: Եվ կգա մի օր, երբ նորելուկ սերունդն այլեւս այս ու մյուս շենքերին չի կոչի գաղթականի շենք, տունուտեղ կորցրած մեր դժբախտ հայրենակիցներին՝ գաղթական անունով:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More